Չինաստանը Իվանկա Թրամփի ընկերությանը թույլատրել է զարդեր եւ պայուսակներ վաճառել երկրում

  • Բիզնես - 19 Ապրիլի 2017, 17:59
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Չինաստանի կառավարությունից երեք առեւտրանիշերի նախնական թույլտվություն է ստացել երկրում ապրանքներ վաճառելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Իվանկա Թրամփը հավանություն է ստացել այն առեւտրանիշերի համար, որոնք կապված են ոսկերչական զարդերի, պայուսակների եւ սպա-ծառայությունների առեւտրի հետ: Նշվում է, որ Պեկինի թույլտվությունն ստացվել է ապրիլի 6-ին՝ ԿԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ Թրամփի հանդիպման օրը: Երկրների ղեկավարների ընթրիքին ներկա են եղել նաեւ Իվանկան ու նրա ամուսինը՝ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները:

Ինչպես նշել է գործակալությունը, Թրամփի պաշտոնակալությունից հետո նրա դուստրը առեւտրանիշերի հայտեր է ներկայացրել նաեւ Ֆիլիպիններում եւ Կանադայում:

CBS News հեռուստաալիքի տեղեկատվությամբ, էթիկայի հարցերով Սպիտակ տան նախկին իրավախորհրդատու Ռիչարդ Փեյնթերը կարծում է, որ Իվանկա Թրամփը «վտանգում է խախտել օրենքը»: «Ամեն ինչ պարզապես գերազանց կլիներ, եթե նա նաեւ չաշխատեր Սպիտակ տանը»,-հայտարարել է Փեյնթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը