Իրանցի գործարարներն առաջարկել են Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն

  • Բիզնես - 19 Ապրիլի 2017, 14:02
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների:

Համառոտ ներկայացնելով իրենց գործունեությունը`հյուրերը նշել են, որ մեծապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով համագործակցություն ծավալելու հարցում: Մասնավորապես իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով: Գործարարները հավելել են, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: Նրանք նաև նշել են, որ նախատեսում են հայ ֆերմերների հետ պայմանագրեր կնքել  լոլիկի արտադրության կազմակերպման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին Հայաստանում լոլիկի մշակություն և մածուկի արտադրություն կազմակերպելու հարցում: Տեղական սորտերի սերմերի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվության ստանալու համար նախարարն առաջարկել է հյուրերին սերտորեն համագործակցել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳՆ ենթակայության ներքո գործող մյուս գիտական կենտրոնների հետ:  

Գործարարների հետ փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ներկայացնել բիզնես-ծրագիր, որում կներառվեն բոլոր առաջարկները և միջոցառումները: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում ջերմոցային կոնստրուկցիաների արտադրության և ներդրման, համատեղ ջանքերով գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության կազմակերպման հնարավորությունը: 

Ամենաընթերցվածը