Վերջին տարիներին Հայաստանն ավելի շատ է ներկրում արգենտինական գինի. դեսպան

  • Բիզնես - 18 Ապրիլի 2017, 15:29
Վերջին տարիներին Արգենտինայի դեսպանատան կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում մեծացել է Արգենտինայից Հայաստան գինու ներկրման ծավալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-23-ը նախատեսված «Արգենտինական գինու շաբաթ» խորագրով միջոցառումները ներկայացնելիս այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

«Հատկանշական է այն, որ գինին ոչ միայն ներկրվում, այլեւ սպառվում է երեւանյան ռեստորաններում, գինետներում»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ եթե Հայաստանում լինում են արգենտինացի զբոսաշրջիկներ, ապա նրանք անպայման հրավիրվում են միջոցառումներին:

Հայաստանի տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ կոմիտեն ողջունում է դեսպանատան նախաձեռնությունը, որը մեծապես նպաստելու է նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

«Կարծում եմ՝ սա կարեւոր իրադարձություն է: Ուզում եմ հատկապես նշել, որ այն միմիայն տնտեսական նշանակություն չունի, այլեւ շատ կարեւոր է սոցիալական, քաղաքական առումներով: Այն նպաստում է միջմշակութային երկխոսությանը, մշակութային բազմազանությանը, այս պարագայում նաեւ երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը: Պայմանավորվածություն կա, որ նախաձեռնությունը պետք է լինի շարունակական, որ հետագայում նաեւ հայկական գինին, մշակույթը ներկայացվեն Արգենտինայում»,-եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:  

Ամենաընթերցվածը