Երեք նոր ներդրումային ծրագիր պետությունից աջակցություն կստանա

  • Բիզնես - 13 Ապրիլի 2017, 19:39

Կառավարության որոշմամբ «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ծրա գրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 1 մլրդ 300 մլն դրամ, որն իրացվելու է ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ «Ներկայումս ստեղծված է 176 աշխատատեղ՝ 140 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ նոր ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ։ Ներդրումները կկազմեն ավելի քան 293 մլն դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Մեկ այլ որոշմամբ էլ նույն արտոնությունից օգտվելու իրավունք տրվեց «Այ պլաստ» ՍՊԸ: Ներմուծվող հումքն օգտագործվելու է բժշկական կպչուն սպեղանիի արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2-2,5 մլն ՀՀ դրամ։ Նախատեսվում է իրականացնել 20 մլն դոլարի ներդրում:

Ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ֆենսի» ՍՊԸ-ն: Ներմուծվող հումքն ընկերությունն օգտագործելու է ոսկերչության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 200 մլն ՀՀ դրամ։ Արտադրանքի իրացման ծավալները ԵԱՏՄ երկրներում՝ 190 մլն ՀՀ դրամ, երրորդ երկրներում՝ 10 մլն ՀՀ դրամ։ Ներկայումս ստեղծված է 34 աշխատատեղ՝ 84 884 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել 21 նոր աշխատատեղ։ Ընկերության ներդրումները կազմում են 58 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի ներդրում։