Մեղրիի ԱՏԳ-ում ակնկալվում է ներգրավել 350-400 մլն դոլարի ներդրում

  • Բիզնես - 16 Մարտի 2017, 16:25
Մեղրիի ազատ տնտեսական գոտու կառուցման աշխատանքները կսկսվեն մեկ-երկու ամսվա ընթացքում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Ազատ առևտրի գոտու նախագիծը շուտով կհաստատվի կառավարության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

Ակնկալվում է, որ 10 տարվա ընթացքում ազատ գոտում կներգրավվեն 100-120 ընկերություններ և 350-400 մլն դոլարի ներդրում: Ակնկալվում է, որ այդ ընկերությունները կավելացնեն Հայաստանի արտահանումը տարեկան 100-120 մլն դոլարով՝ հիմնականում Եվրասիական միության երկրներ, Իրան, Մերձավոր Արևելք եւ Միջին Ասիա:

Նրանց գործունեության արդյունքում ակնկալվում է ունենալ 2500 նոր աշխատատեղ: Ազատ գոտին լինելու է հենց Իրանի հետ սահմանին՝ 35 հեկտար տարածքի վրա՝ 10 հեկտար ընդլայնվելու հնարավորությամբ: Սահմանից այն կողմ՝ իրանական տարածքում է գտնվում «Արաս» ազատ տնտեսական գոտին, որի հետ կստեղծվի սերտ համագործակցություն:

Ամենաընթերցվածը