«2016-ի արդյունքներով բանկերն ունեցել են լուրջ շահույթ». Վարչապետը տոկոսադրույքների նվազման մասին

  • Բիզնես - 13 Մարտի 2017, 20:16

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ բիզնես ոլորտի զարգացմամբ, հովանավորչության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմամբ, բանկային համակարգում մրցակցության արդյունքում տոկոսադրույքները կնվազեն: Ավան վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով տոկոսադրույքների բարձր լինելու մասին հարցին` Կարեն Կարապետյանն ասաց, որ նախորդ հոկտեմբերից սկսած Կենտրոնական բանկը չորս անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

«2016-ի արդյունքներով բանկերն ունեցել են լուրջ շահույթ և գումարների լիկվիդայնությունը, ազատ միջոցները մեծացել են: Պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է, բայց այսօր առևտրային պասիվության պարագայում մենք գնում ենք խթանելու ճանապարհով, որպեսզի այն աշխուժանա: Ներկայացրել ենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որից 840-ն իրատեսական ենք համարում 2017-ին: Խթանելով ու աջակցելով բիզնեսին` նվազեցնելու ենք դրա ռիսկայնությունը, հետևաբար բանկերի տոկոսադրույքները ևս նվազելու են: Բանկերը ևս բիզնես են, ադմինիստրատիվ մեթոդներով ճնշել, որպեսզի տոկոսադրույքները նվազեցվեն, հնարավոր չէ, դա կբերի տնտեսության կոլապսի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ բիզնես ոլորտի զարգացումը, ռիսկայնության,  ադմինիստրատիվ հովանավորչության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը կբերի նրան, որ բանկերը, ևս մրցակցելով, նվազեցնեն տոկոսադրույքները:

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի՝ մեծամասնություն կազմելու ու կառավարություն ձևավորելու դեպքում կառավարությունը գնալու է բոլոր այս քայլերին:  

Ամենաընթերցվածը