Դետրոյտի միջազգային ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլ» է հայտարարվել Chevrolet Bolt-ը

  • Բիզնես - 10 Հունվարի 2017, 16:24
Chevrolet Bolt Էլեկտրամոբիլը «տարվա ավտոմոբիլ» է ճանաչվել Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսալոնում, որն այս օրերին տեղի է ունենում ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում (Միչիգանի նահանգ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:  

Ինչպես հայտնել են այդ ամենամյա ավտոցուցահանդեսի կազմակերպիչները, ժյուրին, որը բաղկացած է ավտոմոբիլների մասին գրող ավելի քան 60 լրագրողներից, Միացյալ Նահանգների General Motors (GM) կոնցեռնի Chevrolet Bolt-ը ճանաչել են տարվա լավագույն մոդելը՝ այն դնելով առաջին տեղում՝ Hyundai Genesis G90 եւ Volvo S90 սեդաններից առաջ: 

Լավագույն պիկապ է դարձել Honda Ridgeline մոդելը, որն առաջ Է անցել Ford F Super Duty-ից եւ Nissan Titan-ից: Լավագույն արտաճանապարհային ավոմոբիլ է ճանաչվել Chrysler Pacifica-ն, որը ետեւում է թողել Jaguar F-Pace քրոսովերը եւ Mazda CX-9 մոդելը: Արտաճանապարհային ավտոմոբիլներն այս տարի պարգեւատրվել են ավտոսալոնի պատմության մեջ առաջին անգամ:

Դետրոյտի ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլն» ընտրում են 1993 թվականից: Ֆինալիստներին որոշում են այն տասնյակ մոդելներից, որոնք շուկայում են հայտնվել անցած տարվա ընթացքում: 

Իսկ բուն ավտոցուցահանդեսը Դետրոյտում առաջին անգամ տեղի Է ունեցել 1899 թվականին, սկզբնապես այնտեղ ներկայացվում էին միայն ամերիկյան արտադրության ավտոմոբիլներ: Սկսած 1957 թվականից ավտոշոուում սկսել են պարբերաբար ցուցադրել արտասահմանյան մակնիշներ, իսկ 1987 թվականին սալոնը պաշտոնապես որոշվել է դարձնել միջազգային, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` EPA

Ամենաընթերցվածը