Ներդրումների հայտեր կան, սակայն ոչ ԵՏՄ երկրներից. Ինչ է սպասվում 2017 տնտեսական տարում

    • Բիզնես - 09 Հունվարի 2017, 15:43
Տարբեր երկրներից մի շարք ընկերություններ այս փուլում հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նշենք, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նույնպես նախորդ տարեվերջին հայտարարել էր, որ արդեն մի շարք ներդրումային հայտեր են ստացվել ներդրողներից:

Գագիկ Մակարյանը փոխանցեց, որ ներդրողները հետաքրքրված են տարբեր ոլորտներով: «Գյուղատնտեսությանը սպասարկող ոլորտներով են հետաքրքրված՝ պահածոների արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների գործարկման ոլորտներով, հանքարդյունաբերության, մեքենաշինության ու մետաղամշակման ոլոտներում կան հետաքրքիր առաջարկներ, արևային էներգետիկայի ոլորտում: Ներդրողներ կան, որոնք արդեն հողեր են վերցրել ու ջերմոցներ են կառուցում», ասաց Մակարյանը:

Հարցին, թե ի՞նչն է ներդրողների համար խթան հանդիսացել, որպեսզի նրանք ներդրումներ անեն Հայաստանում, մեր զրուցակիցը նշեց, որ կառավարության քայլերն են հույսեր արթնացրել: Նրա տեղեկացմամբ՝ մեծ հետաքրքրություն է նկատվում Քուվեյթի, իրանական, եվրոպական ներդրողների կողմից՝ Հայաստանում բիզնես սկսելու առումով: ԵՏՄ անդամ երկրներն այս հարցում պասիվ են:

«Ռուսական ներդրողները դեռ որոշակի նեղ ոլորտներում կմնան, իսկ ԵՏՄ, ԱՊՀ մյուս երկրներից այստեղ ներդրումներ անելու հավանականություն գրեթե չկա: Բայց այլ երկրներից կան, արդեն հողեր են վերցրել, արտադրություններ են հիմնում մարդիկ: Ակտիվ են նաև տեղական ներդրողները, որոնք նոր աշխատատեղեր են բացելու», հավելեց նա:

Մակարյանի խոսքով՝ նաև տուրիզմի ոլորտում կան համագործակցության առաջարկներ՝ իրանական կողմը, արաբական ու եվրոպական երկրների ներդրողները Հայաստանում տուրիզմի ոլորտում ծրագրեր են ներկայացնում:

Այն, որ 2016 թվականին հարկերի թերհավաքագրման խնդիր եղավ Հայաստանում, Գագիկ Մակարյանի խոսքով, փաստեց, որ տնտեսությունը փայլուն վիիճակում չէ, գործարարները դժվարանում են հարկերը վճարել, կա նաև տարբերակ, որ միգուցե նախկին տարիներին տնտեսական աճի ու հարկերի հավաքագրման թվերը ուռճացվել են, երրորդ, ստվերի դեմ պայքարը լիարժեք չի իրականացվել:

«Ստվերում դեռ բավական գումարներ կան, որոնք չեն հավաքագրվում, որովհետև այդ մարդիկ դեռ կարծում են, որ ուրիշ ուղիներով կկարողանան իրենց այդ գործելակերպը պահպանել: Դեռ կարող է վստահ չեն, որ ՊԵԿ-ը կարող է համառորեն շարունակել այդ գործըթնացը: Նաև ընտրությունների հետ են հույսեր կապում, որ ընտրությունների ժամանակ, մասնակցելով տարբեր պորցեսների, կարող են իրենց համար հնարավորություններ ստեղծել: Բայց ապրիլից հետո, ես կարծում եմ, ավելի լուրջ փուլ կմտնենք այս առումով», նշեց նա:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ 2016 թվականը հայաստանյան արտադրողների ու արտահանողների համար ավելի շատ առողջացման տարի կարելի է համարել: Ռուսաստանի տնտեսական ճգնաժամից ու հայկական ընկերությունների՝ դեպի ՌԴ արտահանման ծավալների կտրուկ անկումից հետո 2016 թվականին արտահանման ծավալները աճեցին, գները մի փոքր ավելացան, չնայած որ չհասան 2014-ի ցուցանիշներին:

Մյուս կողմից, հայաստանյան բազմաթիվ ձեռնարկություններում, ըստ Մակարյանի, որոշակի դրական փոփոխություններ եղան նախորդ տարի: Որոշ արտադրողներ իրենց մենեջմենթի որակը փոխեցին, անցան միջազգային սերտիֆիկացումների:

Շատ առևտրային ընկերությունների համար, սակայն, նախորդ տարի դժվարություններ եղան, որովհետև հասարակության գնողունակությունը ցածր է, աղքատությունը՝ բարձր:

«Դրա համար զուտ առևտրով զբաղվող միկրո-ձեռնարկությունների վիճակը առանձնապես չբարելավվեց: Բայց 2017 թվականին, կարծում եմ, ավելի լավ կլինի մի քանի պատճառներով: Նախ, Ռուսաստանում ավելի բարձր տնտեսական աճ է սպասվում, արտահանման ծավալները կարող են ավելանալ: Իրավիճակի լավացման երկրորդ պատճառը կարող են լինել այն աշխատանքները, որոնք կառավարությունն է իրականացնում», ասաց նա:

Միաժամանակ, չպետք է հույսը կապել միայն ԵՏՄ շուկայի հետ, արտահանման շուկաները պետք է դիվերսիֆիկացվեն: Նրա խոսքով՝ պետք է ակտիվացնել արտահանումները հատկապես դեպի Իրան, արաբական, եվրոպական երկրներ: Դրան զուգահեռ, պետք է ներսում էլ աշխատանք տարվի, արտահանման ճյուղերը զարգացվեն, որպեսզի տնտեսավորղներն ի վիճակի լինեն արտահանում իրականացնելու:

Մակարյանի խոսքով՝ կառավարության կողմից տրվող խոստումների ժամանակն անցավ, ռեալ գործելու ժամանակն է գալիս, իրականացվող աշխատանքները պետք է արդյունք տան: