ԿԲ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում

  • Բիզնես - 01 Դեկտեմբերի 2016, 15:28
Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք նպատակ են հետապնդում մեծացնել կենսաթոշակային միջոցների կառավարման արդյունավետությունը և բարձրացնել թափանցիկությունը:

ԿԲ ներկայացրած նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները.

Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը և կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:

Բարձր եկամուտ ստացող անձանց հնարավորություն է տրվում կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը: Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը և վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձևավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:

Մեղմացվում է մասնավոր բաժնեմասնակցային (private equity) ֆոնդերում ներդրումների սահմանափակումը՝ մինչև ֆոնդի ակտիվների 10 տոկոսը՝ գործող 2 տոկոսի փոխարեն, որի նպատակն է ավելացնել ֆոնդերի եկամտաբերությունը և բարձրացնել տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը:

Մասնակիցները կարող են հեշտացված կարգով՝ ընդամենը իրենց էլեկտրոնային փոստի հասցեն մեկ անգամ տրամադրելով, էլեկտրոնային եղանակով ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Մասնավորապես, մասնակիցը, որը մասնակիցների ռեեստրը վարողին տրված որևէ դիմումով ընտրել է տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն, այլևս ստիպված չէ լրացուցիչ դիմում ներկայացնել՝ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Ներկայումս դրա համար առանձին դիմումի ձև է նախատեսված, որը իրազեկումը դարձնում է ոչ արդյունավետ:

Հնարավորություն է նախատեսվել արտասահմանից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, որ նրանք կարողանան իրենց կենսաթոշակային խնայողությունները արտասահմանից փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր ունեն օտարերկրյա պետությունում գործող կենսաթոշակային համակարգում խնայողություններ, հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու դեպքում դրանք փոխանցելու ՀՀ-ում բացված իրենց կենսաթոշակային հաշիվներին:

Ամենաընթերցվածը