Oտարերկրյա ներդրումների ծավալը շարունակում է կտրուկ նվազել

  • Բիզնես - 30 Նոյեմբերի 2016, 13:31
Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների ծավալը շարունակում է կտրուկ նվազել: Այս տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 26 մլրդ 987.6 մլն դրամ: Ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 44 մլրդ 432.1 մլն դրամ: Այս թվերն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Տարվա առաջին կիսամյակի համեմատ ներդրումների զուտ հոսքերի առումով մի փոքր կայունացում կա, սակայն ծավալների անկումը շարունակվում է: Հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը առաջին կիսամյակում կազմել էր -16 մլրդ 919.1 մլն դրամ: Զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ Հայաստանից 16 մլրդ 919.1 մլն դրամով շատ գումար էին տարել ներդրողները, քան բերել:

Այս բացասական ցուցանիշն ինն ամսիների կտրվածքով ընդհանուր ցուցանիշում այլևս առկա չէ, սակայն առանձին երկրների մասով նույն իրավիճակն է, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումների զուտ հոսքերը նվազել են 69 մլրդ 646.4 մլն դրամով:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա այս տարվա ինն ամիսներին Հայաստանում կատարվել է 44 մլրդ 432.1 մլն դրամի ուղղակի ներդրում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 80 մլրդ 227.3 մլն դրամի փոխարեն: Այսինքն՝ այս տարի ևս գրեթե կիսով չափ նվազել են օտարերկրյա ներդրումների ծավալները: Հիշեցնենք, որ 2015-ին 2014 թվականի համեմատ նույնպես օտարերկրյա ներդրումները նվազել էին ավելի քան կիսով չափ՝ 2014-ի 404.3 մլն դոլարի դիմաց 2015-ին կազմելով 180.5 մլն դոլար:

Հատկանշական է հատկապես Ռուսաստանից Հայաստանում կատարվող ներդրումների վիճակագրությունը: Եթե նախորդ տարվա ինն ամիսներին ՌԴ-ից Հայաստանում կատարված ընդհանուր ներդրումները կազմել էին 14 մլրդ 230.6 մլն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում  դա կազմել է -72 մլրդ 779.9 մլն դրամ: Այսինքն՝ ռուսաստանյան ներդրողները 72 մլրդ 779.9 մլն դրամով ավելի շատ գումար են տարել Հայաստանից, քան ներդրել են: Սա առանձին երկրների թվում ամենամեծ բացասական ցուցանիշն է, որն արձանագրվել է այս տարվա ինն ամիսներին: