Բիզնես ակտիվություն կցուցաբերվի հաջորդ տարվա երկրորդ կեսին. Տիգրան Ջրբաշյան

  • Բիզնես - 28 Նոյեմբերի 2016, 15:53
Հայաստանում բիզնես միջավայրի զարգացման այլընտրանք չկա: Պարտք-կապիտալ- ներդրումներ- պահանջարկի խրախուսում-տնտեսական աճ բանաձևն արդեն իրեն սպառել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախկին նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով` արտաքին պարտքի տեղ արդեն չկա: «Չկա ոչ թե նրա համար, որ մեզ այլևս արտաքին պարտք չեն տա, այլ նրա համար, որ մեզ մոտ արդեն սկսվել է պարտքը մարելու գործընթացը: Առաջիկա տարիներն այս առումով լուրջ մարումների փուլ են լինելու»,-ասաց նա՝ հավելելով, որ կապիտալի ձեւավորման առումով Հայաստանի ցուցանիշը կրիտիկական է`14 տոկոս:

Տիգրան Ջրբաշյանի կանխատեսումներով, երկրում բիզնես ակտիվություն կցուցաբերվի հաջորդ տարվա երկրորդ կեսին: «Բիզնեսի ակտիվություն միանգամից չի ստացվում: Գոյություն ունի պետական պարտքի սպասարկման խնդիր: Մեր առաջիկա անցումային շրջանը բավական բարդ է լինելու: Նոր բիզնես միջավայրի ձևավորում՝ նշանակում է նոր բիզնես կառուցվածք, ինչպես նաեւ  գոյություն ունեցող սուբյեկտների բաշխում տնտեսության մեջ»,-ասաց նա՝ հավելելով, որ  ՀՆԱ-ն այս տարի և հաջորդ տարվա սկզբին կամ լավագույն դեպքում զրոյական ցուցանիշ կունենա, կամ՝ բացասական:

Ամենաընթերցվածը