ՎիմպելԿոմը հիմնովին վերափոխում է բիզնեսը Հայաստանում

  • Բիզնես - 25 Նոյեմբերի 2016, 15:34
ՎիմպելԿոմ ընկերությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանում արդիականացնել ցանցերը՝ նպատակ ունենալով բարելավել ֆիքսված և շարժական կապի ծառայությունների որակը: Այս մասին այսօր Երևանում հրավիրած ասուլիսում ասաց ՎիմպելԿոմի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է ՎիմպելԿոմ ընկերությունների խմբի մի մասը, և ՎիմպելԿոմի նոր աշխատանքներն ընդգրկելու են նաև Հայաստանը:

Ժան Իվ Շառլիեն նշեց, որ վերջին 18 ամիսներին ընկերությունն աշխատանք է տարել իր բիզնեսը վերափոխելու ուղղությամբ, ընդլայնվել է բաժնետերի կարգավիճակը, հզորացվել հաշվեկշիռը: Վերջին տարիներին ընկերությունը նաև սկսել է ավելացնել իր եկամուտները:

«Այս տարի մեր խումբը վերադարձել է աճի միտումներին, որը շատ կարևոր շեմ է մեզ համար: Մենք ավարտել ենք մեծ ձուլման գործարքը Պակիստանում և Իտալիայում: Այսօր մեր հաջողությունը կախված է մեր բիզնեսի վերակառուցումից: Այս զարգացումները վերաբերում են նաև Հայաստանին, և դա է պատճառը, որ ես այցելել եմ Հայաստան, որպեսզի աշխատեմ մեր կառավարման թիմի հետ՝ հիմնովին վերափոխելու մեր բիզնեսն այստեղ: Մենք շատ լավ ժառանգություն ունենք, և ցանկանում  ենք առաջին խաղացողը լինել դաշտում»,- հավելեց Ժան Իվ Շառլիեն:

ՎիմպելԿոմ ընկերության Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշեց, որ իրենք պլանավորում են զարգացնել իրենց բիզնեսներն այս տարածաշրջանում և ցանկանում են հեռահաղորդակցության ոլորտից իրական թվային ընկերության վերածվել: Մեծ ներդրումներով է ուղեկցվելու այս գործըթնացը, և երեկ խմբի անդամներն արդեն հանդիպել են Հայաստանի վարչապետին ու քննարկել ապագա ծրագրերը:

Հարցին, թե, մասնավորապես, ի՞նչ չափի ներդրումների մասին է խոսքը, Ժան Իվ Շառլիեն նշեց, որ ամբողջ աշխարհում իրենց եկամուտների մոտ 17 տոկոսը ներդրել են նոր ծառայություններ ստեղծելու, ընկերության շանսերն ընդլայնելու համար: Հայաստանում ներդրումները կուղղվեն 4G ցանցի ընդլայնմանը՝ առաջարկելով ավելի լայն ծածկույթ և մեծ արագություն: Երկրորդը, պետք է աշխատանքներ տարվեն՝ բարելավելու լայնաշերտ ինտերնետ ծառայության որակն ու արագությունը:

«Մենք չենք ուզում նոր երկրներ մտնել ու մեր շուկաներն ընդլայնել, մենք ուզում ենք մեր ծառայություններն ընդլայնել արդեն առկա շուկաներում: Մենք նախատեսում ենք շուկայում ցանկացած բաժանորդի համար հասանելի դարձնել: Դա մեր ռազմավարության ամենակարևոր կետերից մեկն է»,- հավելեց ՎիմպելԿոմի պաշտոնյան:

Նա նշեց, որ Հայաստանը Եվրասիական տարածաշրջանում ՎիմպելԿոմի համար ռազմավարական առումով ամենակարևոր շուկաներից մեկն է:

«Հայաստանում Beeline-ը ՎիմպելԿոմ խմբում է 2006 թվականից, և այստեղ մենք առաջինն էինք, որ գործարկեցինք 3G ցանցը»,- հավելեց նա:

Ժան Իվ Շառլիեն նաև նշեց, որ Beeline Հայաստանը ՎիմպելԿոմի տրանսֆորմացիոն ռազմավարության համաձայն՝ վերակառուցում է իր տեխնոլոգիական ենթակառուցվածքները և արդյունավետ դարձնում իր գործընթացները՝ ստեղծելու մի կազմակերպություն, որը ճկուն է և բաց նոր տեխնոլոգիական հնարավորությունների առջև:

«Օգտվելով միջազգային ընկերությունների խմբին պատկանելու լծակներից՝ Հայաստանում Beeline-ը նաև հնարավորություն է ստանում նոր ներդրումներ կատարել թվային ծառայությունների ոլորտում իր հայաստանյան հաճախորդների համար»,- հավելեց ՎիմպելԿոմի պաշտոնյան:

Ժան Իվ Շառլիեի խոսով՝ ՎիմպելԿոմն այսօր աշխարհում 15 երկրներում է  ներկայացված, շարժական կապի ոլորտում ընկերությունը խոշորներից մեկն է աշխարհում, ավելի քան 200 մլն հաճախորդ է սպասարկում:

«ՎիմպելԿոմը գտնվում է շատ հետաքրքիր վերափոխման ճանապարհին՝ հեռահաղորդակցության ինդուստրիայի խաչմերուկում ենք գտնվում: Եթե մենք որոշ հեռահաղորդակցության ընկերություների մոտ տեսնում ենք եկամուտների պակաս, դա նրանից է, որ այդ ընկերությունները մոռանում են հաճախորդների մասին: Մեր որդեգրած ճանապարհը հետևյալն է՝ լինել լավագույն թվային օպերատոր: Մենք շարունակելու ենք տրամադրել ավանդական հեռահաղորդակցության ծառայություններ, բայց մեր ապագան ավելի շատ ուղղված է նոր ծառայությունների ներդրմանը: Մենք մեր հաճախորդներին ներգրավում ենք թվային աշխարհ, առաջարկում հեռահաղորդակցության նոր միջոցներ: Մենք նպատակադրված ենք նաև նոր թվային ծառայություններ մատուցելու, օրինակ, հեռուստատեսային ծառայություններ», ասաց նա:

Ամենաընթերցվածը