Վահան Մարտիրոսյանը ողջունել է ամերիկյան «Օպտիմ» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացումը

  • Բիզնես - 23 Նոյեմբերի 2016, 13:41

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 23-ին հանդիպեց ամերիկյան «Օպտիմ» ընկերության ներկայացուցիչներին` կազմակերպության նախագահ  Ռավինդրա Ահուջայի գլխավորությամբ:«Օպտիմ» ընկերությունը հիմնվել է 2000 թվականին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և մասնագիտացած է տրանսպորտային արդյունաբերության համար որոշումների ավտոմատացման և օպտիմալացման լուծումներ ստեղծելու գործում:  Հայաստանում այն իր գործունեությունը սկսել է դեռ 2007 թվականից: Այժմ ընկերության երևանյան գրասենյակն ունի 60-ից ավելի աշխատակից:Օրերս Երևանում բացվեց ընկերության նոր` ավելի մեծ գրասենյակը, որը նախատեսում է մինչև 100 աշխատակից ունենալ: «Օպտիմ»-ը լոգիստիկ ընկերությունների համար մշակում է խելամիտ լուծումներ` կրճատելու դրանց գործառնական ծախսերը, ավելացնելու շահութաբերությունն ու բարելավելու ծառայությունների որակը: Նախարար Վահան Մարտիրոսյանը, ողջունելով ընկերության գործունեությունը Հայաստանում, անչափ կարևորեց նոր աշխատատեղերի ստեղծումը և հույս հայտնեց, որ  «Օպտիմ»-ի և հայաստանյան ՏՏ ընկերությունների հետ համագործակցությունը ևս արդյունավետ կլինի: Ռավինդրա Ահուջան նշեց, որ իրեն խորապես տպավորել է հայաստանյան թիմի անկեղծ նվիրվածությունն ու վերաբերմունքն ընկերության հանդեպ: «Նոր գրասենյակը մեզ կտա հնարավորություն մեծացնելու մեր աշխատուժը Հայաստանում և տաղանդավոր մարդկանց առաջարկելու բարձր վարձատրվող աշխատանք»,- ընդգծեց ընկերության նախագահը։  «Օպտիմ» ընկերությունը պլանավորում է Երևանում հիմնել գիտահետազոտական կենտրոն, որտեղ ստեղծված լուծումները առաջարկվելու են տարածաշրջանում գործող ընկերություններին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ամենաընթերցվածը