«Ֆիլիպ Մորիսը» խոչընդոտում է «Գրանդ Տոբակոյի» գործունեությանը ՌԴ տարածքում. ՏՄՊՊՀ

  • Բիզնես - 22 Նոյեմբերի 2016, 17:22
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ» ընկերությունը՝ տեղեկացնելով, որ «Ֆիլիպ Մորիս» ընկերության պատճառով ՌԴ տարածքում հանդիպել է իրացման խոչընդոտների: Խնդիրն այն է, որ «Ֆիլիպ Մորիսը» դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ «Գրանդ Տոբակոյի», այն հիմքով, իբր վերջինս արտադրում է իր «Մալբոռո» ապրանքանիշին շփոթության աստիճան նման «Արարատ» անվանումով սիգարետները:

ՀՀ Մրցակցային մարմինը ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ «Ֆիլիպ Մորիսը» Մոսկվայում մի շարք խոշոր խանութների հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի վերջիններս իրացնեն միայն իր արտադրանքը և դադարեցնեն համագործակցել «Գրանդ Տոբակոյի» հետ՝ հանելով վերջիններիս արտադրանքը շրջանառությունից:

Հանձնաժողովը գտնում է, որ երկու տեսակի արտադրանքների միջև շփոթության աստիճանի նմանություն առկա չէ, հետևապես ընկերությունը որևէ օրենսդրական նորմ չի խախտել: ՀՀ ՏՄՊՊՀ-ը խնդիրը ներկայացրել է նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայությանը, որը ևս պաշտպանում է ՏՄՊՊՀ տեսակետը՝ գտնելով, որ «Ֆիլիպ Մորիսը» իրավասու չէ նման գործունեություն իրականացնելու: Ըստ Հանձնաժողովի, «Ֆիլիպ Մորիսը» դրսևորել է նաև հնարավոր հակամրցակցային գործունեություն, քանի որ ՌԴ տարածքում գործող խոշոր խանութների հետ կնքել է պայմանգրեր՝ այլ արտադրողի, տվյալ պարագայում «Գրանդ Տոբակոյի» արտադրանքի իրացմանը խոչընդոտելու նպատակով:

Այս պահին, ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները համատեղ հանդես են գալիս Մոսկվայի արբիտրաժային դատարանում՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝  ընդդեմ   «Ֆիլիպ Մորիս» ընկերության գործողությունների:

ՀՀ ՏՄՊՊՀ 

Ամենաընթերցվածը