Նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը, ինչպես նաեւ ՀՀ դրամի թողարկման 23-րդ տարեդարձը

  • Բիզնես - 22 Նոյեմբերի 2016, 12:18

Հայաստանում այսօր` նոյեմբերի 22-ին, նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը, ինչպես նաեւ ՀՀ դրամի թողարկման 23-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանի բանկային համակարգում աշխատում է 11 հազար մարդ:

Նոյեմբերի 22-ը պատմության մեջ ունի իր խորհրդանշական տեղը, քանի որ 1993 թվականի հենց այս օրը ներդրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ ՀՀ դրամը: Ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»:

Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնն ամփոփում է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից`Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ, մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ:

«Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում ներկայացված է փողի ամբողջական պատմությունը՝ սկսած նախադրամյան ժամանակաշրջանից մինչ օրս: Ցուցադրությունն սկսվում է Ք. ա. 5-րդ դարի Աթենքի մետաղադրամներով: Այն ամենը, ինչ ներկայացված է, բոլորը  բնօրինակներ են և հայտնաբերվել են Հայաստանի տարածքում իրականացված պեղումների արդյունքում: Առաջին հայկական մետաղադրամները վերաբերում են Ք. ա. 3-րդ դարի Ծոփք և Կոմմագենե հայոց թագավորություններին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի այցելուներ ի կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը:

Ներկայացնելով դրամի պատմության տարբեր շրջանները` Զարուհի Բարսեղյանը նշեց, որ Տիգրան Մեծի փողը կոչվում էր դրախմա, որից սերում է «դրամ»  բառը: «Դրամ» բառը հետագայում օգտագործվել է Կիլիկյան Հայաստանում` այդպես է կոչվել հայոց արքաների արծաթյա մետաղադրամը: Դրամ կոչվում է նաև Հայաստանի Հանրապետության ներկայիս ազգային արժույթը:

Անկախ Հայաստանի ազգային արժույթի առաջին թողարկումը շրջանառվել է 1993 թվականի նոյեմբերի 22-ից, մինչև 1999 թվականը, որից հետո թողարկվել են երկրորդ սերիայի թղթադրամները, որոնք մինչ օրս օգտագործվում են: Այդ թղթադրամների վրա պատկերված են մշակութային գործիչների դիմանկարներ:

Հայաստանի Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում պահվում են բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք Կենտրոնական բանկը և’ ձեռք է բերում, և’ նվիրատվություն է ստանում:

Զարուհի Բարսեղյանը նշեց, որ մեծ հետաքրքրություն կա կենտրոնի այցելուների շրջանում: Երևանում այս տարի կենտրոնը կունենա մոտավորապես 7 500- 8 000 այցելու: Բացի այդ, այս տարի Ստեփանակերտում ևս կազմակերպվել է շրջիկ ցուցահանդես, այնտեղ էլ գրանցվել է 3 հազար այցելու:

Նշենք, որ  հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թվականին տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան: Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է: