Հայաստանում կրճատվելու են արտահանող ընկերությունների ԱԱՀ-ի վերադարձման ժամկետները

  • Բիզնես - 19 Հոկտեմբերի 2016, 18:30

ՀՀ կառավարությունը 2017 թվականից սկսած նախատեսում է արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում, արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների ներդրում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-gov.am-ը, այդ մասին նշված է կառավարության գործունեության ծրագրում, որը ներկայացվել է Ազգային ժողով:

Նախատեսվում է տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում: Մասնավորապես, իրականացվելու են արտահանումը կարգավորող իրավանորմերի և վարչարարության մշտադիտանցում և բացահայտված խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումներ, քայլեր են ձեռնարկվելու Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացման, մուտքի հնարավորությունների ընդլայնման և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելու ուղղությամբ:

Գործադիրը նախատեսում է ակտիվացնել տնտեսական համագործակցությունը տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, 2017 թվականի ընթացքում ներդնել մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղված աջակցության մեխանիզմներ, ձևավորել Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտ, բացահայտել վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպո ւթյունների դիրքավորման հնարավորություններն ու իրացնել դրանք:

Ամենաընթերցվածը