Ծրագրավորում սովորեցնող հայկական անվճար հավելվածը 1.2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

  • Բիզնես - 19 Հոկտեմբերի 2016, 16:13

«SoloLearn» ծրագրավորում սովորեցնող հայկական մոբայլ հավելվածը 1.2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել հավելվածն առաջ մղելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը՝ նշելով, որ ներդրումը կատարել են Learn Capital վենչուրային հիմնադրամից, ինչպես նաև անհատ ներդրողներ, որոնք նախկինում ևս ներդրում են կատարել հավելվածում։

«SoloLearn»-ը կրթական հավելված է, որը յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս անվճար սովորել ծրագրավորում արագ և արդյունավետ ձևով: Այն հասանելի է Android, IOS, Windows Mobile և Web համակարգերում: 2015 թվականի դեկտեմբերին հավելվածը ճանաչվել է Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլար ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը։ Ծրագիրի միջոցով օրական կոդավորման 1 միլիոն գործողություն է կատարվում։

«SoloLearn»-ի գործադիր տնօրեն Եվա Հյուսյանը ասել է․«Ծրագրավորումը դարձել է պարտադիր հմտություն, մեր առջև խնդիր էինք դրել ստեղծել յուրահատուկ միջավայր ծրագրավորում սովորել ցանկացողների մասնագիտական աճի համար»։ Նա նաև տեղեկացրել է, որ մեծ թվով փախստականներ են օգտվում հավելվածից ծրագրավորում սովորելու համար։