Բանակցվում է հայկական ապրանքը մեկ բրենդով արտահանելու հարցը

    • Բիզնես - 13 Հոկտեմբերի 2016, 15:30
Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի արտադրանքը ԵՏՄ շուկայում միասնական բրենդով ներկայացնելու հարցով, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նա այդ հարցով գնացել էր Մոսկվա, և պարզվում է, որ բանակցվել է հայկական ապրանքը նաև ռուսական բրենդի անվան տակ արտահանելու հարցը: «Ես քննարկել եմ որոշ շահագրգիռ կազմակերպությունների հետ, որպեսզի Հայաստանից արտադրանքը դուրս գա մեկ բրենդով: Այսօր խնդիր կա, որ շատ կան փոքր արտադրողներ, որոնք տեխնիկական խնդիրներ ունեն՝ մտնելու ռուսաստանյան շուկա: Ռուսաստանի խոշոր ցանցերը ուզում են մեծ քանակություն և ստաբիլ որակ, ստաբիլ մատակարարում: Մեր փոքր ու միջին ընկերությունների համար դա դժվար է, և մենք քննարկել ենք՝ արդյոք հնարավորություն կա՞: Նախկինում քննարկվում էր Ռուսաստանում ունենալ հայակական արտադրանքի իրացման բազա: Այսօր քննարկվում է՝ արդյոք հնարավոր է մեկ բրենդով դուրս գալ, դա կլինի հայկական, կարող է լինել ռուսական բրենդ կամ պատվեր, որ այստեղի գործարաններից կոնսոլիդացված պատվեր վերցնի և արտահանի պայմանագրով»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ դա հնարավորություն կտա հայկական փոքր ընկերություններին խուսափել ռիսկերից:

Հարցին, թե ռուսները համաձա՞ն են այս առաջարկին, նա պատասխանեց, որ կան ընկերություններ, որ համաձայն են, բայց այստեղ կա օրենսդրական դաշտ և հայ արտադրողների համաձայնությունն է պետք: «Եթե նրանք համաձայն են, մենք պատրաստ ենք շարունակել քննարկումը»,- ասաց Ւգնատի Առաքելյանը:

Հարցին, թե ի՞նչ անվանումով է հնարավոր արտահանել հայկական արտադրանքը, նա պատասխանեց. «Դա արդեն Ռուսաստանի մարկետինգի և Հայաստանի գործարարների միասնական որոշում պետք է լինի: Կա գաղափար, դրա շուրջ պետք է բոլորը միավորվեն ու համաձայնվեն, բայց ամենակարևորը, որ հայ արտադրողները միավորվեն ու համաձայնվեն այդպես հանդես գալ»:

Նա նշեց, որ հայական խոշոր ընկերությունները, որոնք ունեն իրենց շուկան, չեն համաձայնի դրան, բայց փոքր ու միջին ընկերությունները կհամաձայնեն: