BMW-ն ներկայացրել է նոր սերնդի 5-րդ դասը

  • Բիզնես - 13 Հոկտեմբերի 2016, 13:56
BMW ընկերությունը ներկայացրել է 5-րդ դասի նոր մեքենան՝ G30 ինդեքսով: Նոր մոդելը կարողանում է ինքնուրույն կայանել, չափերով ավելի մեծ է նախորդից, սակայն ավելի թեթև է, նոր շարժիչ է ստացել և աերոդինամիկ ցուցանիշներով լավագույն ավտոմեքենան է ընկերության պատմության մեջ: Ավտոմեքենայի վաճառքը մեկնարկելու է 2017 թվականի փետրվարի 11-ին:

Ինժեներները նոր ավտոմեքենայի տանիքին ձայները խլացնող պաստառ են ավելացրել, ինչի շնորհիվ այն ավելի ձայնամեկուսացված է, քան նախորդ տարբերակը:

5-րդ դասի G30-ը հնարավոր կլինի պատվիրել նաև Sport Line, Luxury Line և M-փաթեթ տարբերակներով:

Նոր ավտոմեքենան արտադրվում է բենզինային և դիզելային շարժիչներով, որոնք համապատասխանում են Եվրո-6 նորմերին:

Ավտոմեքենայի 530i մոդիֆիկացիան ստացել է 2 լիտր աշխատանքային ծավալով 252 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը 100 կմ/ժամ արագությամբ է հասնում 6.2 վայրկյանում: 540i մոդիֆիկացիան ունի 3 լիտրանոց և 340 ձիաուժ հզորությամբ շարժիչ:  

Նոր մոդելում տեղադրվել է Car-to-Car համակարգը: Այն թույլ է տալիս գտնել ճանապարհային վտանգները, այդ թվում՝ վթարները, վատ եղանակը և տվյալներն ուղարկում է միասնական սերվերին, որից հետո համակարգը համախատասխան հաղորդագրություն է ուղարկում մերձակայքում գտնվող մեքենաներին, որոնք նույնպես միացած են Car-to-Car համակարգին:

5-րդ դասի նոր մեքենան կարող է մինչև 160 կմ/ժամ արագության դեպքում ինքնուրույն շրջանցել խոչընդոտները: Եթե էլեկտրոնային համակարգը գտնի, որ վարորդը չի հասցրել ժամանակին արձագանքել և բախումն անխուսափելի է, ավտոմեքենան կարող է ինքնուրույն գցել արագությունը և փոխել երթևեկության գիծը: BMW-ն հետևում է ճանապարհային նշաններին և վարորդին զգուշացնում, եթե նա չի նկատել դրանք: