Տնական մթերքի առաջին առցանց խանութը Հայաստանում. ինչպես է այն աշխատում

  • Բիզնես - 23 Սեպտեմբերի 2016, 15:13
«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ն անցկացվեց «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրին 300-ից ավելի ընկերություններ տասնյակ ոլորտներից:

Ցուցահանդեսին մասնակցեց նաև «Տնական» նախագիծը: Վերջին տարիներին Հայաստանում աճում է առցանց առևտրի ծավալը, և շատ ընկերություններ սկսել են ծառայություններ մատուցել առցանց տարբերակով՝ օգտագործելով նաև սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները:

Tnakan.com-ը տնական մթերքների առցանց առաջին խանութն է Հայաստանում, որը հիմնականում զբաղվում է կաթնամթերքի՝ կաթի, պանրի, մածունի, կաթնաշոռի, ինչպես նաև այլ մթերքների՝ մեղրի, սնկի, լավաշի, ձվի վաճառքով: Մտահղացման հեղինակներն են Գևորգ Եղիազարյանն ու Հովհաննես Եղյանը, ովքեր սեփական արտադրանքը վաճառում են ոչ թե շուկայում կամ խանութներում, այլ համացանցի միջոցով: Մարդիկ կարող ենք կայքով և Ֆեյսբուքի էջով ձևակերպել պատվերը:

Առաքումն առայժմ միայն Երևանում է իրականացվում: Գևորգը և Հովհաննեսը, սակայն, մտադիր են ընդլայնել առաքման աշխարհագրությունն ու ապրանքների տեսականին, առաքման համակարգը դարձնել ավելի օպերատիվ:

Հովհաննեսը պատմում է, որ նախաձեռնությունը մտածել են երկու ընկերով՝ գաղափարի մշակելուց մինչև այս պահի դրությամբ վերջին առաքումը:

«Սկզբում մտածում էինք մասնագիտացված խանութ բացել, որտեղ կվաճառեինք բացառապես տնային պայմաններում պատրաստված մեր արտադրանքը, բայց քանի որ նման խանութներ շատ կային, որոշեցինք բացել մի այնպիսի խանութ, որը կտարբերվեր մնացած բոլորից», - պատմում է նա:

Նախքան շուկա մտնելը Tnakan.com-ի հեղինակները շուկայի ուսումնասիրություններ են իրականացնել՝ պարզելու, թե ինչ են ցանկանում մարդիկ, ինչպե՞ս են մնացած վաճառողները բավարարում նրանց կարիքները:

Հովհաննեսի խոսքով, կաթնամթերքի գնորդներին կարելի է բաժանել 2 մեծ խմբի՝ մարդիկ, ովքեր նախընտրում են տնականը և մարդիկ, ովքեր սիրում են ֆիրմային արտադրանքը:

Հաշվի առնելով շուկայի ուսումնասիրության արդյունքները՝ Հովհաննեսն ու Գևորգը որոշեցին տեղափոխվել օնլայն հարթակ, մշակվեց առաքումների մեխանիզմը, ըստ որի, ամեն օր պատվերներն ընդունվում են մինչև ժամը 17:30, և 19:00-ից իրականացվում է առաքումը:

Առաքումն իրականացվում է 19:00-ից սկսած 2 նպատակով՝  կաթն առաքվում է անմիջապես կթելուց հետո՝ դրանով իսկ ապահովելով ամենաթարմ ապրանքը Երևանում, ինչպես նաև այն պատճառով, որ պատվիրատուների համար աշխատանքից հետո հարմար ժամ է:

Առաքումն իրականացնում են նախաձեռնության հեղինակները. «Առաքումները ևս ինքներս ենք իրականացնում, որովհետև շատ ենք կարևորում հաճախորդի հետ շփումը ու տառացիորեն ամեն կարծիք, առաջարկություն, առարկություն հաշվի է առնվում: Այս ծառայությունը ստեղծվել է հանրությանը ծառայելու համար և պետք է հենց նրանց նախընտրած ապրանքը հասցնենք իրենց իսկ հարմար եղանակով: Դրա համար էլ ինքներս ենք հորդորում, որ իրենց գնահատականներում ավելի խիստ լինեն: Անգամ հնարավորություն ենք տվել գնահատել մեր ծառայությունը մեր ֆեյսբուքյան պատին, ինչը նրանց 1 անվճար առաքման հնարավորություն է տալիս», - նշում է Գևորգ Եղիազարյանը: