«Նաիրիտի» վերագործարկման ներդրումային առաջարկ կա. Կարեն Կարապետյան

  • Բիզնես - 14 Սեպտեմբերի 2016, 18:37
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհդրարանում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին հարցին՝ հաստատելով, որ ներդրումային առաջարկ կա այս փուլում: Նա նշեց, որ հիմնական դրույթներին ծանոթ չէ դեռևս: «Բայց ինձ շատ անհանգստացնում է, երբ պոտենցիալ ներդրողները գալիս են և «Նաիրիտի» մասին խոսում են՝ չունենալով հեռանկարային 10-15 տարվա վերաբերյալ որևէ կանխատեսում:

Ելնելով դրանից՝ մենք մի օր պետք է իլյուզիաներից հրաժարվենք և նստենք ու թուղթ ու գրիչով խոսենք: Մենք երրորդ, թե չորրորդ փորձն ենք արել, սա բյուջեի վրա մեծ փող է նստում: Եվ հերթական փորձը մի բանի մեջ, որն ապագա չունի, կարծում եմ, այս պահին չափից դուրս ռիսկային է: Բայց եթե լինեն տրամաբանական բիզնես առաջարկներ, և այդ մարդիկ բոլոր գործոններն ու ռիսկերը հաշվարկեն…: Ես չեմ հիշում «Նաիրիտի» վերաբերյալ մի ներդրող, որը մեր հանրապետությունից թուղթ է ուզել, թե գազի գինն ինչ է լինելու: Եթե դու դա չես ուզում ու այդ բիզնեսի մեջ մտնում ես, արդեն մտավախություն կա»,- ասաց նա:

Վարչապետը խոստացավ, որ կծանոթանա բոլոր առաջարկներին, մոտ օրերս բանակցությունների համար նորից օր է նշանակված: