Մանաթը կլանում է պահուստները. իրավիճակն Ադրբեջանում

  • Բիզնես - 09 Սեպտեմբերի 2016, 22:41
Ադրբեջանում դոլարային «սովը» բավարարելու համար սեպտեմբերի 8-ին բանկերին 300 միլիոն դոլար է վաճառվել, ինչը 6 անգամ շատ է սովորական պահանջարկից: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից 300 միլիոն դոլար է բաց թողնվել այն բանից հետո, երբ բանկերի մեծ մասը դադարերցել էր արտարժույթի վաճառքը: Սակայն դա էլ չի բավարարել 400 միլիոն դոլարը գերազանցող պահանջարկը բավարարելու համար:

Ադրբեջանական մանաթը լողացող փոխարժեքի անցնելուց հետո շարունակում է արժեզրկվել: Սեպտեմբերի 9-ին 1 դոլարը, ըստ Ադրբեջանի ԿԲ փոխարժեքի, արժեցել է 1.6403 մանաթ, մեկ ամիս առաջ 1.6005 մանաթ էր, հուլիսի 9-ին՝ 1.5456 մանաթ, հունիսի 9-ին՝ 1.5084 մանաթ:

Մանաթի արժեզրկման պայմաններում գնաճը զսպելու համար Ադրբեջանի Կենտրոնական բանկն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.5%-ից բարձրացնել մինչև 15%: Մեկ ամիս առաջ էլ տոկոսադրույքը 7-ից բարձրացվել էր 9.5%:

Այսօր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, հայտարարել է, որ սեպտեմբերի 20-ից դոլարային պարտատոմսեր է թողարկելու բնակիչների համար 5% եկատմաբերությամբ: Մեկ պարտատոմսի արժեքն է 1000 դոլար:

Օգոստոսի դրությամբ Ադրբեջանի ԿԲ արժութային պահուստները կազմել են 4 միլիարդ 192 միլիոն դոլար, ինչը տարեսկզբի համեմատ պակաս է 824.2 միլիոն դոլարով:

ԿԲ-ի և Պետական նավթային հիմնադրամի ռազմավարական պահուստները 2015 թվականի դրությամբ կազմել են 38 միլիարդ 590.8 միլիոն դոլար: Մանաթի արժեզրկում թույլ չտալու համար 2016 թվականի առաջին 6 ամիսներին ծախսվել է 12 միլիարդ 271.6 միլիոն դոլար կամ արժութային պաշարների 24.1%: