Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն առաջընթաց է գրանցել երեք կետով

  • Բիզնես - 30 Սեպտեմբերի 2015, 12:39
Մրցունակության համաշխարհային զեկույցի արդյունքներով (2015-2016 թթ.)` Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը` առաջընթաց գրանցելով 3 կետով: Հայաստանի դիրքային հարևաններն են Տաջիկստանը` 80 միավորով, Հունաստանը` 81 միավորով, Լաոսը` 83 միավորով, Մոլդովան` 84 միավորով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը զեկույցի արդյունքները ներկայացրեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Նրա խոսքով` Հայաստանն առաջընթաց է գրանցել մակրատնտեսական միջավայր, առողջապահություն և տարրական կրթություն, ապրանքների շուկայի արդյունավետություն, աշխատուժի շուկայի արդյունավետություն կատեգորիաներում: «Փոքր զարգացումներ են գրանցել նաև բարձրագույն կրթություն և վերապատրաստում, ֆինանսական շուկայի զարգացվածություն և շուկ այի չափ հենասյուների ցուցանիշները: Բայց միևնույն ժամանակ վատթարացել են ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության, գործարարության կատարելագործվածության և նորարարության ցուցանիշները»,-ասաց բանախոսը:

Մանուկ Հերգնյանի խոսքով` Հայաստանի տնտեսությունը գտնվում է  արդյունավետության վրա հիմնված փուլում` շնորհիվ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մեծության: «Զարգացման այս փուլում Հայաստանի հիմնական մարտահրավերներն են մարդկային կապիտալի զարգացումը, տեխնոլոգիաների օգտագործման տարածումն ու նորարարությունների խթանումը, ֆինանսական համակարգի զարգացումն ու բազմազանեցումը: Հետևաբար, Հայաստանի տնտնեսական մրցունակության բարձրացումը կախված կլինի այս երեք գործոնների առաջընթացի ապահովումից»,-շեշտեց նա:

Որպես Հայաստանի ուշագրավ առավելություններ` ծառայում են նոր բիզնես սկսելու հետ կապված գործընթանցերի ու ժամկետների բնագավառը, նաև առավելություն է հարկման ցածր դրույքը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը: «Ուշագրավ թերություններն են` մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, մարքետինգի օգտագործումը, նավահանգստային ենթակառույցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը)»,-տեղեկացրեց բանախոսը:

Զեկույցի արդյունքներով` առաջատար երեք երկրները շարունակում են Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը լինել: Մրցունակությամբ առաջին հնգյակն ամբողջացնում են Գերմանիան ու Նիդերլանդները: ԱՊՀ երկրների խմբում զգալի առաջընթաց արձանագրել է Տաջիկստանը` 11 կետով, Ղազախստանը` 8 կետով, Ռուսաստանը` 8 կետով:

Ադրբեջանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 40-րդ տեղը, ինչը, ըստ Հերգնյանի, պայմանավորված է վերջինի մակրատնտեսական միջավայրի դրական ցուցանիշներով, որը կապված է նավթային եկամուտների հետ և վերջին մի քանի տարիներին դրական բալանս է արձանագրում: Սակայն կապված նավթի գների անկման հետ` կան լրջագույն ռիսկեր Ադրբեջանի մակրատնտեսական միջավայրի կայունության առումով:

Վարստանն էլ 140 երկրների շարքում 66-րդն է:

Ամենաընթերցվածը