Գյուղացիներին միայն դոլարով են վարկ տալիս

    • Բիզնես - 19 Հունվարի 2015, 14:55
Բանկերն այս օրերին գյուղացիներին վարկեր են տրամադրում միայն դոլարով: Այս խնդրին մոտ մեկ ամիս առաջ անդրադարձել էինք, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ահազանգել էր, որ դոլարի արժևորման պայմաններում բանկերը խուսափում են դրամով վարկեր տրամադրելուց:

Ֆերմերներն ակնկալում էին Կենտրոնական բանկի միջամտություն այս հարցի լուծման համար, սակայն այսօր էլ իրավիճակը չի փոխվել. գարնանացանին ընդառաջ գյուղացիներին միայն  դոլարով են վարկեր առաջարկում:

«Գյուղացին ստիպված վերցնում է, դիմացը գարուն է, գլուխը որտե՞ղ խփի»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը: Նրա խոսքով՝ այս օրերին միությունը դժգոհություն է ստացել Գեղարքունիքի և Շիրակի մարզի ֆերմերներից, ովքեր վարկերը ստանում են դոլարով:

«Այս երկու օրը ֆերմերները վարկեր են ստանում, մենք հարցում ենք արել, ասում են միայն դոլարով են տալիս»,- նշեց  նա: Բերբերյանը նաև կարծում է, որ կառավարությունը պետք է որոշում ընդունի, որպեսզի դոլարով վարկեր ունեցող գյուղացիները դրանք դրամով մարեն:

«Այսօր կառավարոթյունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի Կենտրոնական բանկի աշխատանքի վրա: Իրենք դեկտեմբերին հայտարարություն արեցին, բայց 10 օր հետո դոլարը թանկացավ, շատ մարդիկ պետք է պատասխան տան դա համար: Ցավոք սրտի, մեզ մոտ անպատժելիություն է”,- ասաց նա:

Միության նախագահը կարծում է, որ դոլարային վարկերը կարող են խոչընդոտ հանդիսանալ գարնանացանի աշխատաքների համար, շատ ֆերմերներ կարող են վարկերից հրաժարվել՝ հաշվի առնելով ռիսկերը:

«Եթե գյուղացին քիչ գումար ունենա, բնականաբար քիչ էլ հող կմշակի: Մենք նախատեսել էինք, որ այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները մոտ 10-15 տոկոսով պետք է ավելանան, որովհետև գյուղացին շահույթ ուներ, բայց դա ջուրը ընկավ»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը