Կառավարությունը հաստատեց. Մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին

  • Բիզնես - 09 Հոկտեմբերի 2014, 12:05
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը կառավարության նիստում ասաց, որ քննարկումների արդյունքում պարզվեց, որ փաստաթղթավորման իրացման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: «Մեր տնտեսվարողների մոտ բավական հմտություններ չկային այս պահանջը կատարելու, ժամկետը սուղ էր, խնդիրը լուծում էր պահանջում: Այն ձևանմուշը, որը պետք է տնտեսվարղները ներկայացնեին հարկային մարմնին, դժգոհությունների տեղիք տվեց: Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը պարզեցվի»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հարցրեց՝ այս տարբերակը փոխադարձ ընդունելի է, չէ՞: Ի պատասխան Արմեն Ալավերդյանն ասաց, որ ճիշտ չի լինի ասել, թե բոլոր կողմերը սա ընդունելի են համարում, սակայն ընդհանուր առմամբ ընդունելի տարբերակ է: Արմեն Գևորգյանն ասաց, որ այս փոփոխությունները պետք է համարել անհետաձգելի և ներկայացնել ԱԺ:

Այս փոփոխությունը կառավարությունը հիմնավորում է հետևյալ կերպ. «ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննար­­­կումների արդյունքում պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաս­­­տա­­թղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխ­նիկա­կան խնդիր­ներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաս­տա­­թղթա­վոր­ման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամ­կե­տում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղ­վող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցու­մա­­յին ժամանակա­հատ­վա­ծում հաշվառել իրենց ապրանքային մնա­ցորդ­ները և համա­պա­տաս­­խան տեղեկատվություն ներ­կայացնել հարկային մարմին­ներին, ինչը պայ­մանավորված է տնտե­սա­վարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնա­ցորդների ծավալ­ներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտու­թյուն­ների պակասով»:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններին առևտրականները հասան բողոքի ակցիաների միջոցով:

Ամենաընթերցվածը