Նիկոլ Փաշինյանի եւ Վալերի Օսիպյանի խնդիրները. առանձնահատուկ իրավիճակ

  • Հարթակ - 11 Մայիսի 2018, 20:03

Հարթակ հաղորդման հյուրը քաղաքագետ Սարո Սարոյանն է, ում հետ Հակոբ Բադալյանը զրուցել է իրավապահ կառույցների ղեկավար պաշտոններում Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումների, մասնավորապես ոստիկանապետի աղմուկ հանած նշանակման մասին: Այդ պաշտոնում նշանակվել է Երեւանի փոխոստիկանապետ, հայտնի Վալերի Օսիպյանը:

Սարո Սարոյանը նշում է, որ այդ նշանակումը խնդրահարույց է հանրային վստահության տեսանկյունից, եւ այժմ խնդիր է, թե չափելի արդյունքի տեսանկյունից ինչքանով է նոր ոստիկանապետի աշխատանքը ապահովելու նոր վարչապետի հանրային վստահության պաշարը:  Օսիպյանի աշխատանքային, համակարգի ճանաչողության այդ փորձը հաշվի առնելով, անդրադարձ է եղել նաեւ ընդհանրապես նոր իրավիճակում իրավապահ երկու կարեւոր կառույցների՝ ոստիկանության եւ ԱԱԾ գործառույթների, հայեցակարգային խնդիրների եւ համակարգային վերափոխման քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Սարո Սարոյանը գնահատել է, թե ինչ գործառույթ էին իրականացնում այդ կառույցները նախորդ համակարգի պարագայում՝ դա համակարգի քաղաքական անվտանգությունն ապահովելու գործառույթն էր, ի հաշիվ այդ կառույցների սահմանադրական պարտավորությունների եւ իրավասությունների:

Սարո Սարոյանի գնահատմամբ, այժմ բուն խնդիրը նույնիսկ կադրային խնդիրը չէ, այլ կառույցների հայեցակարգային վերափոխումը: Նա այդ տեսանկյունից ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դիտարկում է տարբեր հարթություններում, տարբեր խնդիրների լուծման տրամաբանության շրջանակում, ըստ այդմ տարբեր հայեցակարգերի տիրույթում:

Նրա խոսքով, երկու կառույցներն էլ պետք է դուրս բերվեն համակարգի պահպանման քաղաքական հակասահմանադրական «առաջադրանքների» ուղեծրից, սակայն արդեն նոր իրավիճակում հեռանկարայաին նոր խնդիրների մասով իրավիճակները տարբեր են եւ տարբեր են ելակետերը:

Երկու կառույցների խորքային առանձնահատկությունների եւ նոր իշխանության՝ դրանցից բխող անելիքների, ընդհանրապես այդ կառույցների առաջ դրվելիք պետական նոր խնդիրների մասին Սարո Սարոյանի առավել մանրամասն գնահատականները, օրինակներն ու դիտարկումները՝ հաղորդման տեսագրությունում:

Ամենաընթերցվածը