Ալիեւը հասկացել է կորուստն ու ազատում է ձեռքերը. երկու քայլ, որ պետք է անի Հայաստանը

  • Հարթակ - 08 Փետրվարի 2018, 22:19

Հարթակ հաղորդման հյուրը քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրույցել է արտաքին եւ ներքին իրադարձություններից:

Ինչու՞ Ալիեւը գնաց արտահերթ ընտրության՝ ապրիլին, հոկտեմբերին նախատեսված հերթական ընտրության փոխարեն, եւ ինչ նշանակություն կարող է ունենալ փաստորեն Հայաստանում իշխանության վերադասավորման ապրիլյան իրողությունների հետ զուգահեռվելը: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ալիեւի որոշումը գերազանցապես պայմանավորված էր Արցախի խնդրով, եւ նա պարզապես փորձում է ազատել իր ձեռքերը նոր պատերազմի համար: Ստեփան Գրիգորյանն ասում է, թե ամենեւին այդպես չէ, որ դա անխուսափելի կլինի, սակայն նա նշում է, որ Ալիեւը արտահերթ ընտրության է գնում հենց ձեռքերն ազատելու համար: Ինչու՞ է քաղաքագետը այդտեղ տեսնում որոշման մոտիվը: Ստեփան Գրիգորյանը ներկայացնում է իր փաստարկներն ու եզրակացության հիմքերը:

Ինչպե՞ս կարձագանքի Ալիեւի այդ մտադրությանը Մինսկի խումբը: Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Ալիեւի ակնկալիքն այն է, որ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը կխանգարի, որպեսզի Մինսկի խումբը համակարգված եւ միասնական արգելք դնի եւ պատժամիջոց կիրառի նրա ավանտյուրայի հանդեպ: Ստեփան Գրիգորյանն ասում է, որ Ադրեջանի համար խնդիր է Ռուսաստանի հնարավոր պահվածքը, քանի որ Բաքուն չունի վստահություն, որ Մոսկվան կաջակցի իրեն եւ ի տարբերություն 2016-ի ապրիլի, այս անգամ չի արգելակի հայկական կողմի պատժիչ հակահարվածը:

Քաղաքագետը նշում է, որ Ռուսաստանի պահվածքը այս տեսանկյունից անկանխատեսելի է եւ իհարկե բարդ է ասել, թե ի վերջո ինչ կանի Մոսկվան Բաքվի նոր արկածախնդրության դեպքում: Սեփան Գրիգորյանի խոսքով, Ալիեւը ոչ այնքան համոզված է, որ կարող է հաղթել պատերազմում, որքան դրա մասին է խոսում կամ դրանով է սպառնում պարզապես այլ ելք չունենալու պատճառով, քանի որ սկսել է հասկանալ, որ պարզապես կորցրել է Ղարաբաղը, եւ այդ առումով հատկանշական են եղել ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի երկու առանցքային մեսիջները:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, Ալիեւի մտադրությունները կանխարգելելու համար: Ստեփան Գրիգորյանն այդ տեսանկյունից ունի երկու առաջարկություն, կապված բանակի, ու նաեւ տնտեսա-քաղաքական կառավարման ուղղությամբ անելիքների հետ:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

Ամենաընթերցվածը