Հայաստանում պոչամբարների ընդհանուր ծավալը 220 միլիոն խմ է

  • Ներքին կյանք - 05 Հոկտեմբերի 2017, 16:27
Հայաստանում պոչամբարներ ունեցող մետաղական հանքավայրերի թիվը չի անցնում երկու տասնյակը, պոչամբարների ընդհանուր ծավալը 220 մլն խմ է:

Այս մասին Ազգային ժողովում Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Այո, կա խնդիր, կա մտահոգություն թե պոչամբարների անվտանգության, թե դրանց անվտանգությունը նվազագույնի հասցնելու մասով: Մեր նպատակն ու ջանքերն են ներկայացնել այնպիսի ծրագրեր, որպեսզի նվազագույնի հասցվեն այս բացասական ազդեցությունները: Ընդերքը շահագործելն արդեն իսկ ազդում է, չի կարող վերադարձելի լինել: Բայց խնդիրը հետևյալն է՝ որքանով ենք մենք կարողանում ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաներ գործադրել, որպեսզի կորզման հանքանյութը լինի տնտեսապես ձեռնտու, մյուս կողմից բնապահպանական տեսակետից նախընտրելի»,- ասաց նա:

Պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ կառավարությունում քննարկվու՞մ է հանքահումքային ոլորտում գերշահույթ ստացող կազմակերպությունների հետ կապված հարկային առանձնահատուկ մոտեցման ցուցաբերման հարցը, որը կնպաստի պետական բյուջեի մոծ հոսքերի ուղղմանը:

«Ես կարծում եմ՝ գերշահույթ հասկացությունն այս դեպքում մենք պետք է վերանայենք, որովհետև շահույթի գեր կամ թեր լինելը կախված է նրանից, թե դուք ինչպիսի հարկային քաղաքականություն եք վարում: Եթե բնական ռեսուրսները համարվում են պետության բացառիկ սեփականությունը, և պետությունն ուզում է այստեղ մասնակցություն ունենալ 90 տոկոսից ավելին, նշանակում է հարկային քաղաքականությունը պետք է դրա սկզբունքով իրականացվի: Եթե մտածում ենք, որպեսզի այլ երկրներում ներդրումներ չկատարվեն այդ ոլորտում, գան էստեղ, ավելի ցածր ակնկալիք պետք է ունենալ»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Ամենաընթերցվածը