Ամուլսարի ոսկու հանքավայրն այս պահին չի շահագործվում. Արծվիկ Մինասյան

  • Ներքին կյանք - 05 Հոկտեմբերի 2017, 15:23
Ամուլսարի ոսկու հանքավայրն այս պահին չի շահագործվում, այնտեղ կառուցման աշխատանքներ են ընթանում: Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Ինչ վերաբերում է նրան, մոնիթորինգ իրականացվում է, թե ոչ, այս պահին կառուցապատման աշխատանքների մասով են դիտարկումներ իրականացվում: Ինչ վերաբերում է ապագային, ապա մենք բոլոր հանքարդյունաբերող, ընդերք օգտագործող ընկերությունների համար կունենանք այս համակարգը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ հանրության մոտ տարածված տեսակետ կա, թե հանքավայրի շահագործմանն ընդդիմացողները պահանջում են աշխատանքների դադարեցում:

«Վերջին մեր քննարկումները ցույց տվեցին, որ իրենք ոչ թե դեմ են առհասարակ շահագործմանը, այլ այն ռիսկերը, որոնք կարիք ունեն լրացուցիչ ջանքեր գործադրելու առումով, այդ ջանքերը գործադրելու խնդիր են ձևակերպել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց, որ այդ աշխատանքները նախարարությունը մոնիթորինգի տակ է պահելու:

«Եվ օրենսդրության պահանջ է, որ եթե ցանկացած պահի բացահայտվի որևէ շեղում, դա գործողության հիմք է, այդ թվում՝ ՇՄԱԳ-ը, այսինքն՝ եզրակացությունն անվավեր ճանաչելու մասով: Դա գործող օրենքի հիմնական կետերից մեկն է, որը հնարավորություն է տալիս դրական եզրակացությունն անվավեր ճանաչել: Այս պահին նման վիճակ ստեղծված չէ»,- նշեց նա:

Ամենաընթերցվածը