Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Ազգային ժողովին ներկայացրեց կենսաթոշակի հաշվարկման նոր կարգը, որը բխում է 2014 թվականի բյուջեից: Ըստ այդմ՝ կենսաթոշակները հունվարի մեկից կբարձրանան 40 տոկոսով: Օրինակ՝ եթե այսօրվա գործող կարգով 10 տարվա ստաժ ունեցող անձն ստանում է 14 800 դրամ թոշակ, ապա առաջարկվող նոր բանաձևի շնորհիվ կենսաթոշակի չափը կհասնի 21 000 դրամի: Արտեմ Ասատրյանը նշեց, որ արդեն հաջորդ տարվա հունվարից Հայաստանի 30 հազար քաղաքացիներ թոշակների բարձրացման շնորհիվ դուրս կգան աղքատության շեմից: Թոշակների բարձրացման համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է 25 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Արտեմ Ասատրյանը նաև ներկայացրեց զինծառայողների թոշակների բարձրացման հարցը, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա հուլիսի 1-ից: Ի դեպ, նախարարը չէր ցանկանում ամփոփիչ ելույթ ունենալ Ազգային ժողովում, ինչի պատճառով արժանացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտողությանը. «Կոռեկտ կլինի և ճիշտ, որ պատգամավորների հարցադրումներին պատասխանեք, պարոն նախարար»:
Թոշակների բարձրացման համար բյուջեով նախատեսված է 25 մլրդ դրամ լրացուցիչ գումար
- Ներքին կյանք - 03 Դեկտեմբերի 2013, 15:31