Ծիրանն «անցավ», հիմա էլ դեղձի խնդիրը

  • Ներքին կյանք - 31 Հուլիսի 2013, 17:31
Ծիրանի մթերման խայտառակ գործընթացը չավարտված գյուղացիները կանգնել են դեղձի բերքի իրացման խնդրի առաջ: Պաշտոնյաները շարունակում են խոստումներ հնչեցնել, որ բերքի իրացման խնդիր չի լինի, այնինչ իրականում պատկերն այլ է:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օրերս Տավուշի մարզում էր: Նախարարության հաղորդագրության համաձայն` նախարարը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ այցելել է մարզի Դեբետավան և Բագրատաշեն համայնքներ, «ուր ակտիվորեն ընթանում էին դեղձի մթերման աշխատանքները»: ««Սպայկայի» գլխավոր տնօրենը, ի լուր ամենքի, հայտարարել է, որ դեղձի մթերման առումով որևէ խնդիր չի լինի, և իրենք կգնեն ամբողջ բերքը: Մարզի երկու համայնքներում էլ մթերումը կատարվում է 125 դրամով»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Lragir.am-ը Տավուշի մարզի գյուղապետերից փորձեց պարզել, թե իրականում դեղձի բերքի իրացման մասով ինչ իրավիճակ է մարզում:

Դեբետավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանը հաստատեց, որ «Սպայկա» ընկերությունն արդեն 80 տոննա բերք է գնել ու արտահանել իրենց գյուղից, 15-20 տոննա բերք գյուղացիները ներքին շուկայում են իրացրել, ևս 100 տոննա կարտահանվի առաջիկայում: Գյուղապետի խոսքով` նախորդ տարվա համեմատ այս տարի դեղձի բերքն ավելի է 30-40 տոննայով: Վանյա Դամիրչյանը նաև նշեց, որ գյուղացիները հիմնականում բերքը չեն վաճառում արտահանողներին, գերադասում են իրենք տանել ներքին շուկաներ ու իրացնել ավելի թանկ գնով:

Նախարարը գյուղացիներին խոստացել է, որ օգոստոսի 5-ից կգործի նաև Այրումի պահածոների գործարանը, որտեղ վերամշակողները կընդունեն գյուղացիների բերքը:
Նախարարության հաղորդագրության համաձայն` «Սպայկա» ընկերությունը կիլոգրամը 125 դրամով դեղձ է մթերում նաև Բագրատաշեն գյուղում: Այնինչ Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանը Lragir.am-ին ասաց. «Դեղձը շատ լավ հասել է, սպասում ենք ընդունող լինի: Գնորդ առայժմ չկա: Սպայկան եկել է միայն հարևան գյուղ` Դեբետավան, միայն մի ֆերմերի դեղձը արտահանել»: Նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարը խոստացել է, որ անցած տարիների պես նորմալ կընդունեն բերքը: Հետաքրքվեցինք` նախորդ տարիներին մթերման գործընթացը նորմա՞լ է ընթացել: «Որ ասեմ նորմալ էր, կհավատա՞ք»,- պատասխանեց Բագրատաշենի գյուղապետը:
Այն որ «Սպայկա» ընկերությունը Տավուշի մարզում միայն մեկ խոշոր ֆերմերի` բերքն է մթերել, հաստատեց նաև Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը: «Սպայկան մեր գյուղ չի եկել, միայն Դեբետավան է գնացել ու 125 դրամով գնել: Այնտեղ ֆերմեր կա, որ մեծ քանակի դեղձ ունի»,- ասաց Սեյրան Միկիչյանը: Նա նշեց, որ գյուղացիները բերքի մթերման դժվարության առաջ են կանգնել, իրենց միջոցներով դեղձը տանում են վաճառելու Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Իջևանում:

«Էն էլ հեռու է, մարդիկ ծախս են անում, մարդ կա սեփական մեքենա չունի, որ տանի: Տեղում գալիս են անհատ մարդիկ` վերավաճառողները, էժան հավաքում են բերքն ու տանում: Չարչարվում են մարդիկ, հենց բերքը ծախվում է, տրամադրությունները բարձրանում է»,- ասաց նա: Արճիսում դեղձը վերավաճառողներին վաճառում են մեկ կիլոգրամը 70-80 դրամով: «Գյուղնախարարն էր եկել, ասաց, որ ամսի 5-ից մթերում կանեն գները մինև 70 դրամի սահմաններում: Դե հիմա օրը գա, բարին հետը»,- ասաց Արճիսի գյուղապետը:
Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանն էլ տեղեկացրեց, որ խոսակցություններ կան, որ վերամշակողները 50 դրամով են ընդունելու մեկ կիլոգրամը: «Հիսուն դրամի խոսակցություն ա, ժողովուրդը կոտրվել ա: Դեղձի ինքնարժեքը 80 դրամ է: Ընենց վիճակ է, որ բոլոր ծառերն էս տարի կարող ա կտրեն: Նախարարին հարցրեցի, ասեց` 10 օրից կգան մթերողները, գինը կասեն, բայց կողքից զրույց կա, որ 50 դրամ ա գինը: Անցած տարի 40 դրամ իջեցրին, գյուղացիների որոշ մասը տվեցին բերքը, որոշ մասը թողեցին, ասեցին` ավելի լավա չիր դառնա: Մարդիկ բանվոր են աշխատացնում, հույսները դրել էին, որ այս տարի լավ տարի կլինի, բայց այս տարի էլ հիասթափված վիճակ ա, հեռանկար չեն տեսնում մարդիկ»,- ասաց Պղտավանի գյուղապետը:

Ամենաընթերցվածը