Մարզպետների հարցը մեկ փաթեթով

    • Ներքին կյանք - 06 Հունիսի 2013, 14:36
Որեւէ մեկը կասկածու՞մ է արդյոք, որ եթե որեւէ խնդիր լինի Հայաստանի որեւէ մեկի մարզպետի հետ, տվյալ մարզպետարանը իր ղեկավարին կպաշտպանի նույն ոգով եւ ապօրինությամբ, ինչպես Լիսկայի դեպքում Սյունիքի մարզպետարանը:

Եթե կան կասկածներ, ապա թերեւս իզուր: Մարզպետարանը սեփական օգտագործման հիմնարկ էր ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի համար: Այդպիսին են գրեթե բոլոր մարզպետարանները գրեթե բոլոր մարզպետների համար, քանի դեռ նրանք պաշտոնավարում են՝ վայելելով կենտրոնի հավանությունը:

Հասարակությունը տարիներ շարունակ պահանջում էր Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը: Մարզպետներից նա երեւի թե ամենաօդիոզն էր, ամենասանձարձակը: Գնահատականները կարող են տարբեր լինել: Բայց դա խնդրի առավելապես արտաքին կողմ է, որովհետեւ խնդիրը շատ խորն է: Ի վերջո, եղել են նաեւ այլ մարզպետների պաշտոնանկության պահանջներ: Եղել են պաշտոնանկություններ: Կան նաեւ «մշտական» ունեցող մարզպետներ:

Բայց մարզպետների պաշտոնանկության պահանջը Հայաստանի ներկայիս կառավարման կարգի եւ հասարակական համակեցության կանոնների պարագայում միանգամայն անիմաստ է խորքային առումով: Հասարակական պահանջ պետք է լինի մարզպետարանների չեզոքացման համար: Հայաստանին ոչ թե պետք չէ այսպիսի կամ այնպիսի մարզպետ, այլ պարզապես պետք չեն մարզպետարաններ, որոնք ընդամենը բյուջեի հաշվին պահվող ավելորդ վարչական օղակներ են, որոնք պետությանը եւ հասարակությանը չեն մատուցում որեւէ նշանակալի ծառայություն:

Դրանք ծառայում են ընդամենը իշխանության վերարտադրությանը, քաղաքական առեւտրին՝ ընդլայնելով իշխանական կարկանդակի սահմանը, իսկ այդ ամենից դուրս էլ ծառայելով հենց մարզպետներին՝ անձնական հարցերը լուծելու համար:

Եթե մարզպետարանները լավ են ծառայում կենտրոնական նպատակներին, տեղական մակարդակում դրանց տրվում է գրեթե անսահմանափակ լիազորություն, միայն թե աղմուկի պատճառ չդառնան: Իսկ աղմուկի պատճառներն էլ համեմատաբար քիչ են լինում, եթե մարզպետն առանձնապես սանձարձակ ու անմեղսունակ չէ, որովհետեւ հասարակության համար մարզպետարանները կարծես թե ընդհանուր առմամբ ուշադրությունից դուրս, անկարեւոր օղակ են: Այդպիսով, դրանք վերածվում են կենտրոնական նպատակների եւ անձնական հարցերի լուծման գրեթե իդեալական ինստիտուտների:

Հայաստանում պետք է դրվի դրանք վերացնելու պահանջ ընդհանրապես: Հայաստանում կա ՏԻՄ համակարգ, ընտրվում են քաղաքապետներ եւ գյուղապետներ: Այդ համակարգը լիովին բավարար է տեղական կառավարում իրականացնելու համար: Եթե ՏԻՄ համակարգը չի աշխատում, ապա մարզպետարանի գոյությունը դրա աշխատանքի գրավական չի կարող լինել, որովհետեւ ՏԻՄ համակարգի անկենսունակության պատճառներից մեկն էլ մարզպետարանների առկայությունն է:

Հետեւաբար, արդեն ժամանակն է, ու թերեւս նույնիսկ բավական ուշ, որ մարզպետների ինստիտուտի վերացման հարցը դրվի հանրային-քաղաքական օրակարգում եւ դառնա հասարակական ուշադրության առարկա: Այդ համակարգն առողջացնելու ջանքերը կեղծիք են, քանի որ եթե չի առողջացել պետական կառավարման ամբողջական համակարգը, մարզպետարանները չեն առողջանա երբեք, իսկ եթե պետական կառավարման համակարգն էլ առողջանա, մարզպետարանների կարիքն առավել եւս չի լինի, քանի որ դրանից հետո ՏԻՄ համակարգի կենսունակության հարցը կլուծվի գրեթե ինքնաբերաբար, քանի որ այդ հարցի խոչընդոտը համապետական կառավարման համակարգի արհեստական արգելակներն ու միջամտություններն են:

Ամենաընթերցվածը