Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Քաջարան գյուղում եւս նախատեսված են ՏԻՄ հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի համար ինքնառաջադրվել է երկու թեկնածու` ՀՀԿ անդամ, գործող գյուղապետ Ռաֆիկ Աթայանը եւ անկուսակցական “Հայէլցանց” ՓԲԸ Քաջարանի մասնաճյուղի առաջատար մասնագետ Լեւոն Արզումանյանը:
Ինչպես հայտնում է Սյունիքի մեր աղբյուրը, շրջանցելով գործող ընտրական օրենսգիրքը, ըստ որի համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած անձինք, թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին համայնքի ղեկավարի թեկնածությունն առաջադրելու նպատակով փաստաթղթեր է ներկայացրել նաեւ Քաջարան գյուղի բնակիչ, անկուսակցական, 24-ամյա Ռուստամ Անդրեասյանը, ով աշխատում է կոմբինատի բաց հանքում որպես փականագործ:
Դժվար է ասել, երիտասարդը օրենքի անտեղյակությունից է դիմել նման քայլի, թե համայնքի ղեկավար դառնալու մոլուցքն այնքան մեծ է եղել, որ մտածել է` հնարավոր է հանձնաժողովը “աչք կփակի” այդ փաստի վրա եւ ինքը, այնուամենայնիվ, կմասնակցի ընտրություններին, առավել եւս, որ ընդամնեը մի քանի ամիս հետո` նոյեմբերի 16-ին, կլրանա այդքան սպասված 25-ամյակը:
Հետաքրքիր է իմանալ, թե որպես համանքի ղեկավար ինչ ծրագրեր ուներ Ռուստամ Անդրեասյանն իրականցնելու հայրենի գյուղի համար:
Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում Քաջարան գյուղը եղել է հանրության ուշադրության կենտրոնում, որի բնակիչները գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ միասին հերոսաբար պայքարել են, որպեսզի անվավեր ճանաչվի կառավարության այս տարվա ապրիլին ընդունած որոշումը, համաձայն որի բացառիկ գերակա հանրային շահի համար պետք է օտարվեին գյուղի հողերի մի մասը եւ տրվեին “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”ՓԲԸ-ին:
Ի դեպ, այդ պայքարի ընթացքում ներկայիս գյուղապետ Ռաֆիկ Աթայանը մի քանի անգամ հայտարարել է ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին, սակայն առաջադրվելիս ներկայացել է որպես ՀՀԿ անդամ:
