Քաղաքաշինության նախարարությունը չի հաշվառել, թե Հայաստանում քանի անօթևան ընտանիք կա: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն ահազանգել էր այն մասին, որ միայն Գյումրիում պետության կողմից անօթևանի կարգավիճակ չստացած 3500 ընտանիք կա, որոնք ծայրահեղ վիճակում են ապրում, և որոնց բնակարանով ապահովելու պետական ծրագրեր դեռևս չկան:
Եվգենյա Աթայանից հետաքրքվեցինք՝ պետությունը ե՞րբ է մտադիր լուծել այդօրինակ ընտանքիների բնակարանային խնդիրները: «Չեմ կարող հիմա ասել՝ կոնկրետ երբ, բայց նրանց միանշանակ անդրադարձ է կատարվելու», ասաց նա՝ հավելելով, որ այլ մարզրում ևս նման շատ ընտանքներ կան:
Քաղաքաշինության նախարարության պաշտոնյայի խոսքով՝ դա «Շիրակ կնետրոն» ՀԿ-ի տվյալներն են, բայց պետությունը չգիտի, թե քանի նման ընտանիք կա:
Հարցին, թե ինչո՞ւ քաղաքաշինության նախարարությունը հստակ հաշվառում չի կատարում՝ պարզելու, թե քանի ընտանիքի մասին է խոսքը, Եվգենյա Աթայանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ տվյալ դեպքում Գյումրիի քաղաքապետարանը պետք է գույքագրում կատարի, հաշվառի և ներկայացնի իրենց տվյալները»:
Եվգենյա Աթայանը նաև հավատացրեց, որ պետությունը մինչև 2013 թվականը կկատարի իր պարտավորությունները և աղետի գոտու հետևանքով անօթևան մնացած շահառու ճանաչված բոլոր ընտանիքներին կապահովի բնակարանով:
Հիշեցնենք, սակայն, որ պետության կողից հաստատված անօթևանների ցուցակից բազմաթիվ ընտանիքներ տարբեր պատճառաբանություններով դուրս են մնացել, իսկ անօթևան մնացած ընտանիքները դժգոհում են կառավարության ծրագրից:
