Հայաստանի գլխավոր դատախազությունը մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքում տեղի ունեցած փուչիկների պայթյունի վերաերյալ միջնորդագիր է ներկայացրել վարչապետին եւ քաղաքապետին, որում մանրամասն նկարագրվում է գործը եւ հայտնվում եզրակացություն, որ գազով լիցքավորված փուչիկների հանրային օգտագործման կարգը թերի է, կան շատ բացեր:
Փուչիկների գործը բավական հետաքրքիր ստացվեց, հատկապես մեղադրանքի մասով: Մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի՝ Սերոբ Բոզոյանին, ում վերագրվում է հազար փուչիկի լիցքավորումը: Նա, ըստ մեղադրական եզրակացության, տնային պայմաններում փուչիկները լիցքավորել է ոչ թե անվտանգ հելիում գազով, այլ պայթուղիկ մեթանով:
Բոզոյանն իհարկե մեղավոր է, բայց գործի արդյունքը առաջացնում է հարցեր, որոնք առնչվում են այլ մարդկանց պատասխանատվության: Ակնհայտորեն, այլ մարդիկ եւս գործել են անպատասխանատու, եւ եթե նրանք այդպես չվարվեյին, ապա Սերոբ Բոզոյանի հանցանքը չէր ունենար այդչափ վտանգավոր, մի քանի հարյուր մարդու կյանքին սպառնացող շարունակություն: Հանցանք գուցե չէր էլ լինի:
Եվ այսպես, նախ արձանագրենք, որ 7 հազար փուչիկի գազով լիցքավորելու պատվեր է տալիս մի քաղաքական ուժ, որը Հայաստանում իշխող ուժ է, այսինքն պատասխանատու է պետության կառավարման, հետեւաբար նաեւ երկրում օրինականության հաստատման, ստվերի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի համար: Եվ ահա, այդ իշխող ուժը, այդ ՀՀԿ-ն, 7 հազար փուչիկ գազով լիցքավորելու պատվեր է տալիս ոչ թե այդ գործի համար արտոնագրված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, այլ մի մարդու, որը ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղված:
Որտեղ են հանդիպել ՀՀԿ-ն ու Սերոբ Բոզոյանը: Ով է եղել ՀՀԿ այն ֆունկցիոները, որը փուչիկները լիցքավորելու համար գտել է Բոզոյանին: Որտեղ է Բոզոյանն ընդունել պատվերն ու փուչիկները՝ Հանրապետության հրապարակի մետրոյի մո՞տ, որտեղ հետո հանձնել է մեթանով լիցքավորած փուչիկները: Լավ, ենթադրենք պատվիրելիս դժվար էր պարզել՝ գրանցված, օրինավոր ձեռներեց է Բոզոյանը, թե ոչ: Բայց, փուչիկները ստանալիս էլ հո հնարավոր էր դա պարզել, նրանից ՀԴՄ կտրոն պահանջելով վճարված փողի դիմաց:
Իսկ պատվիրատուն Բոզոյանին, ըստ դատախազության, վճարել է 770 000 հազար դրամ, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ ստանալով փուչիկները:
Փաստորեն, մի կուսակցություն, որը պետք է երկրում պայքարի ստվերի դեմ, ինքն է ստվերը խթանում, ծառայության դիմաց վճարելով 770.000 դրամ եւ դրա դիմաց չպահանջելով ՀԴՄ կտրոն, որպեսզի շահի նաեւ պետությունը:
Բացի այդ, 770 000 դրամ վճարվել է գազով փչված 7000 փուչիկի համար: Դա նշանակում է, որ ամեն փուչիկի համար վճարվել է 110 դրամ: Մի՞թե պատվիրատուն չգիտեր, որ հելիումով փուչիկների լիցքավորումը շատ ավելի թանկ արժե, եւ էժան լիցքավորում են այլ՝ վտանգավո գազերով: Հելիումով փուչիկների լիցքավորումը արժե մի քանի անգամ ավելի թանկ, եւ եթե անգամ նկատի առնենք, որ մեծաքանակ պատվերի դեպքում ծառայություն մատուցողը կարող էր ավելի էժա գնով կատարել աշխատանքը, աօպա հազիվ թե այդ զեղչը կազմեր մի քանի հարյուր տոկոս:
Հետեւաբար, ծառայության դիմաց վճարող պատվիրատուն հենց միայն գնից պետք է առնվազն ենթադրեր, որ ծառայության մատուցման մեղմ ասած որակի հետ կապված կա խնդիր: Իսկ դա էլ նշանակում է, որ այդ խնդիրը նկատելի կլիներ հենց ծառայությունը պատվիրելիս: Այսինքն, պատվիրատուն ատասխանատու լինելու պարագայում կարող էր պատվիրելիս եւ գին պայմանավորվելիս արդեն իսկ նկատել, որ էժան գինը խոսում է ինչ որ բանի մասին, կամ ավելի կոնկրետ՝ հելիումի փոխարեն այլ գազով լիցքավորելու հեռանկարի մասին:
Միթե պատվիրատուի մոտ հարց չի առաջացել, թե ինչու է 700, 800, 900 դրաանոց եւ երբեմն ավելի թանկ ծառայությունը մատուցվում այդքան էժան:
Փաստորեն, պատվիրատուները եւս հանդես են բերել բավական շոշափելի անպատասխանատվություն կամ անփութություն, որը գուցե քրեօրեն հետապնդելի չէ, բայց ինչի հետեւանքով փաստացի ամբողջացել է հանցագործությունն ու հանգեցրել մի քանի հարյուր քաղաքացիների վնասվածքների, կյանքին սպառնացող վտանգի եւ հոգեբանական սթրեսի: Այդ պայմաններում, թերեւս չէր խանգարի հրապարակային այդ պայթյունին հանգեցրած անփույթների եւ անպատասխանատուների անուններն էլ հրապարակել, հանցանքի համար մեղադրվողի անվան կողքին:
Ի վերջո, ցանկացած հանրության համար, կարեւոր է ոչ միայն իրավական լիարժեք եւ արդարադատ պատասխանատվության, այլ նաեւ հանրային եւ քաղաքական պատասխանատվության լիարժեք եւ ամբողջական ինստիտուտի առկայությունը:
