ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հուլիսի 28-ից ուժի մեջ են «Լիցենզավորման մասին» օրենքում հունիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխություններն ու լրացումները:
Ըստ այդմ, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտը լիցենզիա ստանալու հայտին կից այսուհետ ներկայացնելու է իր պետական գրանցման կամ հաշվառման համարը` հայտում նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերի, այդ թվում կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճեների փոխարեն:
Կառավարության հիմնավորմամբ, նպատակը լիցենզավորման գործընթացի հեշտացումն ու պարզեցումն է, տնտեսվարող սուբյեկտների վարչարարական կարգավորման բեռի թեթևացումը:
Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման և գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում հայտատուն ներկայացնելու է տեղեկություններ իր գրանցման կամ հաշվառման համարի և կանոնադրությունում տեղի ունեցած փոփոխությունների մասին` նախկինում ներկայացվող իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքի, ինչպես նաև կանոնադրությունում կատարված փոփոխությունների պատճեների փոխարեն:
