Նախօրեին, ինչպես հայտնի է, քրեական աշխարհի “պատմաբան” Սերգեյ Գալոյանը հայտարարել էր, որ Վանո Սիրադեղյանի “գործը” կամ այսպես ասած Արմեն Տեր-Սահակյանի գործը անհետացել է դատարանից դատարան տանելու ճանապարհին:
Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապի պատասխանատու Արսեն Բաբայանը հերքել էր, ասելով, թե ոչ մի գործ չի անհետացել, ու Արմեն Տեր-Սահակյանի գործը գտնվում է գլխավոր դատախազությունում:
Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տրուզյանն էլ հայտարարել էր, որ դատախազությունում Արմեն Տեր-Սահակյանի գործ չկա, այն գտնվում է դատարանների արխիվում:
Փաստորեն ստացվում է, որ Արմեն Տեր-Սահակյանի գործով սկսվել է մի հետաքրքրական պինգ-պոնգ, երբ մի գերատեսչությունը գործը գցում է մյուսի վրա: Այնպիսի տպավորություն է, որ կամ փորձ է արվում գործի հանդեպ վերակենդանացնել հանրային մեծ հետաքրքրությունը, կամ էլ իշխանությունն ինչ որ կերպ փորձում է ազատվել այդ գործից, որն առնչվում է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին: Ինչպես հայտնի է, համարվում է, որ Արմեն Տեր-Սահակյանի խումբը ստեղծել եւ հրահանգավորել է Վանո Սիրադեղյանը՝ անցանկալի անձանցից ազատվելու համար:
Ներկայում համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի:
Ստորագրահավաքի վերաբերյալ կարծիքները տարբեր են՝ կան ողջունողներ, կան քննադատողներ, բայց նկատելի է, որ թեման կարծես թե աստիճանաբար դուրս է գալիս Facebook-ի շրջանակից:
