ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2010 թ. քննվել է ապօրինի սահմանահատման վերաբերյալ 47 քրեական գործ, 75 անձի վերաբերյալ, որոնցից 16-ը կատարվել է ՀՀ տարածքից դուրս գալու, իսկ 31-ը `ՀՀ մուտք գործելու դիտավորությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ սահմանախախտ 75 անձից 49-ը եղել են ՀՀ, իսկ 24-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ: Օտարերկրյա քաղաքացիներից 3-ը եղել են Ռուսաստանի, 9-ը՝ Վրաստանի, 3-ը՝ Իրանի, 6-ը Թուրքիայի, 2-ը՝ Սիրիայի, 1-ը՝ Կոնգոյի քաղաքացիներ, իսկ 2-ը՝ քաղաքացիություն չունեցող անձինք:
Սահմանախախտ 75 անձանցից 60-ը եղել է տղամարդ, որոնցից 3-ը՝ Ռուսաստանի, 9-ը՝ Վրաստանի, 3-ը՝ Թուրքիայի, 1- ը՝ Սիրիայի, 1- ը` Կոնգոյի և 39-ը՝ ՀՀ քաղաքացիներ , իսկ 15-ը եղել են կանայք, որոնցից 1- ը՝ Վրաստանի, 2- ը՝ Թուրքիայի, 1- ը՝ Սիրիայի, 11- ը ՀՀ քաղաքացիներ: 75 սահմանախախտներից 46- ը եղել է 18-35, 25-ը՝ 35-45, 4-ը՝ 46-65 տարեկան, 12-ը՝ նախկինում դատապարտված (ՀՀ քաղաքացիներ):
Սահմանախախտների 80 տոկոսը եղել են 25-45 տարեկան գործազուրկներ: Ապօրինի սահմանահատման հետ կապված հանցագործությունների մեծ մասը հիմնականում կատարել են գործազուրկ տղամարդիկ: Ապօրինի սահմանահատման համար դատապարտվածների 63 տոկոսն ունեցել է միջնակարգ կրթություն:
2010թ. Հայաստանից դուրս գալու դիտավորությամբ կատարված ապօրինի սահմանահատման 16 դեպքից 5-ի պարագայում մեկնել կամ փորձել են մեկնել Վրաստան, 1- ը՝ Ադրբեջան, 4- ը՝ Ռուսաստան, 2-ական դեպքով՝ Չեխիա, Թուրքիա, իսկ 2 դեպքում չի պարզվել, թե որ երկիր են մեկնելու:
2010թ. ապօրինի սահմանահատման վերաբերյալ քննվել է 47 գործ 75 անձի վերաբերյալ, որոնցից 32-ին մեղադրանք է առաջադրվել առանց սահմանված փաստաթղթի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար, որոնցից 10 գործով 21 անձի վերաբերյալ ՀՀ մուտք գործելու, իսկ 5 գործով 11 անձանց վերաբերյալ՝ ՀՀ –ից դուրս գալու համար:
43 անձի վերաբերյալ 32 դեպքով մեղադրանք է առաջադրվել համակցությամբ՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելու համար (անձնագիր, հրավեր և այլն), որոնցից 21 գործով 24 անձի վերաբերյալ ՝ ՀՀ մուտք գործելու, իսկ 11 գործով 19 անձի վերաբերյալ՝ ՀՀ-ից դուրս գալու համար:Սահմանը հատելու հիմնական պատճառները եղել են այլ երկրներում բարձր աշխատավարձով աշխատանք փնտրելու, բնակություն հաստատելու, ծնողներին կամ հարազատներին տեսակցելու կամ ընտանիքների վերամիավորման, մաքսանենգությամբ ապրանքներ տեղափոխելու և առևտրով զբաղվելու, այլ երկրում բուժում ստանալու, ինչպես նաև կեղծ ամուսնության պատրվակով: ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել են քաղաքական ապաստան խնդրելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով:
