ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ ԿԱ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում 2010թ. հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն:
Դատարանի 2011թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի՝ 329-րդ հոդվածի 2-րդ մասով Բաթալ Չաքիմը և Հաջեր Շեխախմադինը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով:
Նախիջևանից՝ Արաքս գետով, Վայոց ձորի Բարձրունի գյուղի տարածքով՝ քաղաքական ապաստան հայցելու նպատակով, թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ քուրդ ամուսիններ, քրդական բանվորական կուսակցության անդամներ՝ Բաթալ Չաքիմը և Հաջեր Շեխմադինը, թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներից խուսափելու նպատակով, որոշել են ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և անվադողերի օդապարկերի օգնությամբ Արաքս գետի ծանծաղուտ մասից աննկատ հատել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանը և խուսափել սահմանապահներից:
6 օր թաքնվելով՝ անցել են որոշակի ճանապարհ, հասնելով ՀՀ սահմանին՝ այն նույնպես ապօրինի հատել են Վայոց ձորի Բարձրունի գյուղի տարածքում, որտեղ, դարձյալ շրջանցելով սահմանապահներին և առաջանալով դեպի թիկունք, հայտնաբերվել են ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել:
