ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2007 թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ՀՀ վարչապետը որոշում է կայացրել ԱՊՊԱ համակարգում առկա օրենսդրական և ենթակառուցվածքային խնդիրների կարգավորման նպատակով ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով:
Այդ հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) պատասխանատու ներկայացուցիչներ:
Ինչ օրենսդրական և ենթակառուցվածքային խնդիրների կարգավորման մասին է խոսքը:
«ԱՊՊԱ համակարգի գործունեության ընթացքում շարունակաբար առաջ են գալիս կարգավորում պահանջող համակարգային մի շարք հարցեր, որոնք համատեղ կկարգավորվեն մշտապես գործող և օպերատիվ լուծումներ առաջադրող` ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին պատասխանեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի հասարակայնության հետ կապերի մասնագետ Արմինե Հակոբյանը:
Ըստ նրա՝ այս պահին արդեն իսկ կարգավորման ենթակա են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` ԱՊՊԱ ոլորտում Բյուրոյի և գործեր քննող իրավասու պետական մարմինների միջև համագործակցության շրջանակների սահմանումը, ՃՏՊ-ում մեղավորության որոշման հետ կապված որոշակի կարգավորումները, տուժողների շահերի պաշտպանության տեսանկյունից՝ իրավասու պետական մարմինների կողմից գործերի քննության համար առավելագույն սեղմ ժամկետների սահմանումը և այլ հարցեր:
«Ենթակառուցվածքների տեսանկյունից կարևոր խնդիր է ԱՊՊԱ տեղեկատվական և ՃՈ տեղեկատվական որոնողական համակարգերի միասնական համակարգված աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել մի շարք առանցքային խնդիրներ: Այն է` ապահովագրական պայմանագրերի վաճառքների թվայնացումը, Բոնուս-Մալուս համակարգի՝ վարորդների ապահովագրական և վարորդական պատմության վրա հիմնված արդյունավետ ներդրումը, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտերի կիրարկումը վերջիններիս բնակության և գրանցման հասցեներով` երթևեկության ընթացքում վարորդներին կանգնեցնելու փոխարեն»,- վերջում նշեց Արմինե Հակոբյանը:
