ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կարգավորելու և նախագծերը մշակելու առաջարկով ՀՀ վարչապետի 2012թ. ապրիլի 5-ի N392-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին առաջարկությունների փաթեթ է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարությունը` ի դեմս նախարար Հասմիկ Պողոսյանի:
Առաջարկությունը նպատակ է հետապնդում Երևանի Փոքր կենտրոնի զարգացման ընթացքում ապահովել առողջ և գրավիչ միջավայրի ձևավորումը, կազմավորված և պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների պահպանումը և վերականգնումը, քաղաքաշինական կազմավորված միջավայրին համահունչ` գեղագիտական
քաղաքականության վարման ապահովումը, տարածքում միջավայրի գեղագիտական նկարագիրը խաթարող կառույցների աստիճանական վերացումը և մի շարք այլ անհրաժեշտ միջոցառումներ:
Առաջարկության մեջ նշվում են նաև Փոքր կենտրոնի տարածքի այն թաղամասերը, որոնք ներառում են Երևանի կենտրոնի քաղաքաշինական զարգացման բոլոր պատմական շրջանները:
ՀՀ մշակույթի նախարարն առաջարկում է, որ տարածքի պատմական միջավայրի պահպանումն ապահովելու համար, բացի օրենքով նախատեսված պահանջներից, սահմանել լրացուցիչ պահանջներ և պայմաններ: Օրինակ, առաջարկվում է, որպեսզի արգելվի բնական քարից կառուցված շենքերի երեսպատումն այլ քարերով, արգելվի շենքերի վերնահարկերի կառուցումը, շենքերի վրա տեղադրված գովազդային վահանակները չգերազանցեն կառույցի 10 տոկոսը: Առաջարկության մեջ անդրադարձ է արված նաև փողոցային լուսավորության, գովազդի, շենքերի ճարտարապետական փոքր ծավալների ձևավորմանը:
Գրության մեջ նշված են նաև «հուշարձանների պահպանության գոտիներում տեղակայված ժամանակավոր կարգավիճակ ունեցող կառույցների /կրպակներ, տաղավարներ և այլն/ և մեծածավալ գովազդային վահանակների համար հատկացված հողամասերի վարձակալական պայմանագրերի» հիմնախնդիրները, ինչպես նաև « պետական ցուցակում չընդգրկված, սակայն քաղաքի կերպարն ու պատմական միջավայրը ձևավորող… ճարտարապետական տեսակետից արժեքավոր շենքերն ու շինությունները» պահպանելու հարցերը:
Այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարն առաջարկում է «ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնել դրանց հաշվառումը և կազմել ճարտարապետական տեսակետից արժեքավոր շենքերի ու շինությունների ցուցակ` դրանց վերակառուցումը, մանսարդների, մուտքերի բացումը և այլ փոփոխությունների իրականացումը կանոնակարգելու նպատակով»:
