Նաիրիտ գործարանի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Հիշեցնենք, որ չմարված վարկերի պաճառով գործարանը դարձել էր ԱՊՀ միջպետական բանկի սեփականությունը, ինչի մասին հանրությանը տեղյակ պահվեց այս տարվա սկզբին: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Lragir.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ դեռևս նոր ներդրումների մասով նորություններ չկան: «Աշխատում ենք, ամսվա վերջին եզրակացությունները կտանք, կասենք»,- ասաց նախարարը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ աշխատանք է տարվում:
Գործարանի աշխատակիցների մեծ մասը շարունակում են մնալ հարկադիր պարապուրդում: Նաիրիտի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի տեղեկացմամբ՝ աշխատռակիցների աշխատավարձերը կառավարության միջամտությամբ երկու ամիսը մեկ անգամ բաժանվում են: Մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ գործարանում նույն անորոշ վիճակն է, նորություններ չկան:
Հիշենենք, որ Նաիրիտի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Rhinoville Property Limited ընկերությունը, որը 2006 թվականին ԱՊՀ Միջպետական բանկից 70 մլն դոլար վարկ էր վերցրել` գրավ դնելով գործարանը: Արտադրության վերազինման համար վերցված վարկն այդպես էլ իր նպատակին չէր ծառայել, արդյունքում գործարանի ղեկավարությունը չի կարողացել մարել վարկը, իսկ 2011 թվականից գործարանը դարձել է բանկի սեփականությունը: Տևական ժամանակ է՝ Հայաստանի կառավարությունը նոր ներդրող է փնտրում Նարիրտի համար:
