Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ազգային Ժողովում մոտ 45 րոպե հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Այդ մասին գրում է Հրապարակ թերթը: Թե ինչ են քննարկել, Ղուկասյանը Հրաարակի հարցին չի պատասխանել:
Գյումրիում սեպտեմբերին տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն: Սպասվում է թեժ պայքար: Գյումրիում թեկնածու կարող է առաջադրել ԲՀԿ-ն՝ Մարտուն Գրիգորյանին կամ Սամվել Բալասանյանին:
Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ԲՀԿ պայքարը հատկապես թեժ էր Գյումրիում, եւ Գյումրին դարձավ այն տեղերից մեկը, որտեղ ԲՀԿ-ն գրեթե կատարյալ պարտության մատնեց ՀՀԿ-ին:
Քաղաքապետի ընտրությունը հետաքրքրական եւ թեժ կարող է լինել նաեւ նրանով, որ այս անգամ գործընթացի մեջ ներգրավվում է նաեւ Գյումրիում ձեւավորվող քաղաքացիական շարժումը՝ «Քաղաքը մերն է»:
Քաղաքապետի ընտրությանը շարժումը կարող է ունենալ նշանակալի դերակատարում եւ մասնակցել սեփական թեկնածուով:
ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե ով է լինելու իր թեկնածուն: Արդյոք Վարդան Ղուկասյանը կլինի ՀՀԿ թեկնածուն, այն բանից հետո, երբ խորհրդարանի ընտրությանը նա Գյումրիում փաստացի չկարողացավ հաղթանակ ապահովել ՀՀԿ համար:
Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանն օրերս հայտարարել էր, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլի այն տեղեկությունները, որ Ղուկասյանը չի առաջադրվելու, քանի որ չունի ՀՀԿ հավանությունը: Նրա մամուլի քարտուղարի խոսքով, Ղուկասյանը իր պլանները չի պայմանավորում կուսակցական որոշումներով:
Միգուցե այդ աղմկոտ հայտարարությունից հետո է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել Վարդան Ղուկասյանին, նրան բացատրելու համար, որ այդքան էլ ողջախոհություն չէ կուսակցական որոշումներից դուրս գալը: Եվ միգուցե պատահական չէ, որ այդ բանը նրան բացատրում է Հովիկ Աբրահամյանը, ով ԱԺ ընտրություններից մի քանի ամիս առաջ հեռացվեց ԱԺ նախագահի պաշտոնից: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Աբրահամյանը նշանակվում է ՀՀԿ շտաբի պետ՝ թեեւ մեկը մյուսին չէր խանգարում, իսկ ոչ պաշտոնական վարկածով, որ շրջանառվեց մամուլում, Սերժ Սարգսյանն Աբրահամյանին հեռացրել էր իշխանության մեջ քոչարյանական դավադրություն բացահայտելով, որին ըստ մամուլի հրապարակումների, մասնակից էր եղել նաեւ Աբրահամյանը:
Իհարկե, խորհրդարանի ընտրությունից հետո Աբրահամյանը վերստին ստանձնեց ԱԺ նախագահի պաշտոնը, ինչպես որ հայտարարել էր այն թողնելուց հետո՝ թե ընտրությունից հետո ինքը հավակնելու է դրանից ոչ պակաս պաշտոնի:
Բայց հետաքրքրական է նաեւ, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին պարտվել էր ոչ միայն Գյումրիում եւ Շիրակի մարզում ընդհանրապես, այլ նաեւ Հովիկ Աբրահամյանի «կալվածք» դիտվող Արարատի մարզում: Ավելին, մամուլում հետո տեղեկություններ հայտնվեցին, թե այդ մարզում ՀՀԿ-ն տեղի ֆունկցիոներներից հետ է պահանջում այն փողերը, որոնք բաժանվել էին ընտրակաշառքի համար՝ շատ փող էր բաժանվել, քիչ ձայն ստացվել:
Ահա այդ ամենի ֆոնին բավական հետաքրքրական է Հովիկ Աբրահամյանի եւ Վարդան Ղուկասյանի հանդիպումը: Փաստորեն, ՀՀԿ համար կարեւոր իրադարձության նախաշեմին հանդիպում են ՀՀԿ-ի «մարզային» պարտության երկու պատասխանատուները:
