ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում գույքի աճուրդները կատարվում են էլեկտրոնային ճանապարհով: Այդ մասին հուլիսի 10-ի ասուլիսում հայտարարեց ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Նա ծառայության թերացումն է համարում, որ քաղաքացիները լավ իրազեկված չեն ծառայության նորամուծությունների մասին և այդ պատճառով ընկնում են խարդախների ծուղակը: Մեկ փաստի առթիվ, մասնավորապես, քրեական գործ է հարուցվել՝ անձը հայտարարել էր, որ տրամադրում է գույք էժան գներով, բազում մարդիկ հավատացել ու արձագանքել էին նրան և կանգնել խնդիրների առջև:
Միհրան Պողոսյանը նշեց, որ ծառայությունում մեծ աշխատանք է տարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, ինչի շնորհիվ մեկ կոճակի սեղմմամբ հարցում է ուղարկվում և ստացվում պատասխանը: Դա բարձրացնում է ծառայության աշխատանքի արդյունավետությունը: Ըստ Մ. Պողոսյանի, փորձագետների գնահատմամբ, Հայաստանն իր ԴԱՀԿ համակարգի աշխատանքի արդյունավետությամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ Թուրքիայից հետո:
Ընդլայնվել է նաև միջազգային համագործակցության աշխարհագրությունը՝ ՀՀ ԴԱՀԿ-ն համագործակցում է 87 երկրի հետ, շատ երկրների տրամադրում խորհրդատվություն՝ աճուրդների մասով:
