«Քլորը մեզ տապալեց»՝ այս նախադասությունը վաղ առավոտից կարելի է լսել Թբիլիսիում: Հուլիսի 4-ի գիշերը քաղաքի ծայրամասում գտնվող Լիլո արվարձանում քլորի արտահոսք է տեղի ունեցել տեղի ջրամատակարարման կայանից:
Գիշերը լիլոյաբնակ մոտ 50 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին նրանց թիվն արդեն 80 է, նրանց մեջ կան նաեւ երեխաներ: 55 հիվնադի վիճակ գնահատվում է կայուն-դրական: Նրանցից ոմանք արդեն դուրս են գրվել:
18 ամյա մի երիտասարդ կոմայի մեջ է: Բժիշկների տեղեկացմամբ նրա սիրտն անգամ մի պահ կանգ է առել:
Նախնական վարկածի համաձայն, խափանվել է 800 լիտր տարողությամբ քլոր պարունակող բաքի պտուտակը: Այն վերականգնելու առաջին փորձն անհաջող է եղել, որից հետո արտահոսքն ուժեղացել է: Տեղի բնակիչների խոսքերով, իրենք էլ չեն նկատել թե ինչպես է ողջ թաղը պատվել դեղնականաչավուն ամպով: Դեպքից կարճ ժամանակ անց բաքը տեղափոխվել է անվտանգ վայր:
Գիշերը հիվանդանոցներում է եղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նրան ուղեկցել է երկրի առողջապահության նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին: Վերջինս տեղեկացրել է, որ պետությունը պարտավորվում է հոգալ հիվանդների բուժման ծախսերը:
Այս պահին քլորի արտահոսքը դադարեցված է: Տեղում աշխատում են ԱԻ ներկայացուցիչները, ինչպես նաեւ համապատասխան այլ կառույցների անդամներ: Ճշտվում են դեպքի պատճառները:
