Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Խոջաբեկյանը

  • Ներքին կյանք - 04 Հուլիսի 2012, 11:35

Վ.Ե. Խոջաբեկյանը ծնվել է 1929թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում:

1946թ. ավարտել է Վարդենիսի միջնակարգ դպրոցը:

1954թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` տնտեսագիտության գծով:

1963թ. պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուի գիտական թեզը:

1975թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:

1963թ. ստացել է ավագ գիտաշխատողի, 1977թ.` պրոֆեսորի գիտական կոչումներ:

1982թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1994թ.` ակադեմիկոս:

1999թ. ընտրվել է Ազգային անվտանգության պրոբլեմների գծով գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս:

ՎԼԱԴԻՄԻՐ ԵՂԻՇԻ ԽՈՋԱԲԵԿՅԱՆԸ եղել է`

1974թ-ից Հայկական հանրագիտարանի բոլոր հատորների տնտեսագիտության գիտաճյուղային խորհրդի անդամ:

1980-1991թթ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների հիմնահարցերի խորհրդի անդամ:

1985-1993թթ. ՙԳիտելիք՚ ընկերության նախագահի տեղակալ:

1991-2002թթ. ՀՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի և փախստականների վարչությանը կից մասնագիտական խորհրդի անդամ:

ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքի փիլիսոփայության, տնտեսագիտության և իրավագիտության պրոբլեմային խորհրդի նախագահ:

1960 թվականից մինչ օրս աշխատում էր ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում` զբաղեցնելով ինստիտուտի գիտական քարտուղարի, ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների բաժնի վարիչի, փոխտնօրենի, տնօրենի պաշտոնները:

Վ.Ե. Խոջաբեկյանը շուրջ կես դար դասավանդել է Հանրապետության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ակադեմիկոսը համարվում է Հայաստանում Ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների գիտական ուղղության դպրոցի հիմնադիրը:

Գիտության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար անվանի Ակադեմիկոսը`

1979թ.զետեղվել է Հայաստանի Հանրագիտարանի 5-րդ և 1995թ. Հայաստանի համառոտ հանրագիտարանի 2-րդ հատորներում, 2000թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի բառարանում:

1999թ. արժանացել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ՙ1998 թվականի Տարվա մարդ՚ կոչմանը:

2003թ. պարգևատրվել է ՙՄովսես Խորենացի՚ մեդալով:

2009թ. պարգևատրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ոսկե շքանշանով:

Վ.Ե. Խոջաբեկյանը շուրջ 400 գիտական աշխատությունների, այդ թվում` մոտ 2 տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների և գիտական զեկույցների հեղինակ էր: Նա հայկական, ռուսական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք հեղինակավոր և լայն ճանաչում ունեցող ամսագրերի խմբագրական գիտական խորհրդի անդամ էր:

Վ. Ե. Խոջաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում` 2012թ. հուլիսի 5-ին ժամը 18:30-ին, իսկ հուղարկավորությունը` 2012թ. հուլիսի 6-ին ժամը 14:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքից (հասցե` Երևա, Մարշալ Բաղրամյան 24):