Արմեն Պողոսյանն ասում է, թե՝ «ՀԵՑ-ին հատկացված գումարների ծախսի արդյունքը տեսանելի չէ», իսկ ՀԷՑ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարաջյանը, թե՝ «190 մլն դրամով մենք չենք կարող ամբողջ հանրապետության մուտքերը վերակառուցել»
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը և փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց մտահոգությունն էին հայտնել Երևանի բազմաբնակարան շենքերի մուտքերում անկանոն կախված լարերի վերաբերյալ: Բանախոսները նշել էին, որ էլեկտրաէներգիայի լարերն անկանոն ձևով, առանց մեկուսիչների փաթաթված են մետաղե էլեկտրական սյուներին, ինչի պատճառով կարող են առաջանալ կայծակնային հրդեհներ, ոչ պլանային անջատումներ, կարճ միացումներ: Դրանք էլ իրենց հերթին կարող են ողբերգական հետևանքների հանգեցնել:
Բանախոսները միաժամանակ նշել էին, որ Հայաստանի էլէկտրական ցանցեր ընկերությունն այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնում է, դրական տեղաշարժեր կան, սակայն գործը դանդաղ է ընթանում: Պատճառը հոսանքալարերի խրձերի մեկուսացման համար հատկացվող քիչ գումարներն են:
2009-ին ներդրումային ծրագիրը եղել է 35 միլիարդ, որից 250 մլն-ն է հատկացվել է բազմաբնակարանային շենքերի մուտքերում էլեկտրամատակարարման ցանցի բարելավման համար: 2010-ին` 33.5 միլիարդից 600 մլն-ն է հատկացվել, 2011-ին` 18 միլիարդ դրամից 200 մլն-ը, 2012-ին՝ 8 միլիարդից 200 մլն-ն է հատկացվել էլեկտրամատակարարման ցանցի բարելավման համար:
«Գումարը, ճիշտ է, քիչ է, բայց այդ քիչ գումարն էլ նպատակային չի ծախսվում»,- «Փաստինֆո» գործակալության հետ զրույցում իրավիճակի վերաբերյալ մտահոգությունը հայտնեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ ՀԵՑ-ին հատկացված գումարների ծախսի արդյունքը տեսանելի չէ: Աշխատանքը պատշաճ կերպով չի արվում. «Մի անգամ ՀԵՑ-ը հասարակական կազմակերպություններին հրավիրեց շրջայց կատարելու, կատարած աշխատանքների հետ ծանոթանալու: Արդյունքը մեզ չբավարարեց: Էլեկտրական լարերն էլի անկանոն կախված էին, դա հավասար էր չաշխատելուն»,- «Փաստինֆո» գործակալությանը պատմեց Ա. Պողոսյանը:
Քանի որ «Սպառողների միությունը» խնդրի հետ կապված բազմաթիվ դիմումներ է ստանում, Ա. Պողոսյանի հավաստմամբ՝ բանավոր պայմանավորվածություն է եղել ՀԵՑ-ի հետ. սպառողներից ստացած դիմումները փոխանցել ՀԵՑ-ին, որպեսզի նրանք գործեն ըստ առաջնահերթության: «Մարդիկ հույս ունեն, որ միությունը կօգնի իրենց: Մենք այդ դիմումները փոխանցում ենք ՀԵՑ-ին, բայց ստանում ենք միևնույն պատասխանը՝ սպասեք: Սպասում ենք, արդյունքն այդպես էլ չենք տեսնում: Նրանց աշխատանքը մեզ համար մի մութ անտառ է: Ուստի խիստ կասկածում ենք ՀԵՑ-ի կատարած ծախսերի արժանահավատությանը»,- նշում է Ա. Պողոսյանը:
ՀԷՑ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարաջյանը «Փաստինֆո» գործակալության հետ զրույցում նշեց, որ իրենք հետևում են միության կողմից ստացած դիմումներին. «190 մլն դրամով մենք չենք կարող ամբողջ հանրապետության մուտքերը վերակառուցել»: Նրա տեղեկացմամբ՝ 2011-ին` 200 մլն գումարով բարելավվել է 70 մուտքի էլեկտրամատակարարման ցանց: 2012-ին 200 մլն դրամով նախատեսվում է բարելավել 330 մուտք:
«Ինչով է պայմանավորված այն փաստը, որ միևնույն գումարով անցած տարի ավելի քիչ մուտք է բարելավել, քան նախատեսվում է այս տարի» «Փաստինֆո» գործակալության հարցին Նատալյա Սարաջյանը պատասխանեց. «Անցած տարի աշխատանքներն իրականցնում էր կապալառու ընկերությունը, այս տարի ՀԵՑ-ն իր ուժերով է իրականացնելու: Ինքներդ էլ տեսնեք, հարցի պատասխանը կստանաք»: Ն. Սարաջյանի հավաստմամբ՝ ՀԵՑ-ը «ռացիոնալ, մի բան էլ ավելի է իրականացնում ծախսերը»:
