Բրյուսելում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԳՆ ՆԱՏՕ բաժնի նախկին աշխատակից Մուշեղ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի հանդեպ ճնշումներ են կատարվում:
«Վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ԱԳՆ աշխատանքը քննադատող մամուլի հրապարակումների: Սովորաբար որևէ երկրում այդ թեմայով հրապարակումները չեն ողջունվում, քանի որ հարցը կարող է շահարկվել տվյալ երկրին ոչ բարեկամաբար տրամադրված ուժերի կողմից: Ինքս, Բրյուսելի դեսպանության ղեկավարի մասին որոշ ֆեյսբուքյան հրապարակումներ եմ արել, սահմանափակվելով ծաղրի և ակնարկների շրջանակներում: Սակայն ցանկանում եմ զգուշացնել ԱԳՆ ղեկավարությանը, որ եթե դեսպանը շարունակի իմ և իմ ընտանիքի անդամների նկատմամբ անձնական վրեժխնդրության դրսևորումները, ապա ստիպված կլինեմ արդեն միջազգային մամուլում փաստեր և փաստաթղթեր ներկայացնել, որոնց համեմատ նախորդ հրապարակումները անմեղ կատակներ կթվան: Եթե երկրի ղեկավարությունը իսկապես մտահոգված է երկրի միջազգային հեղինակությամբ, ապա լավ կլիներ առաջին հերթին փոխարինել անմեղսունակ դեսպանին»,- գրել է նա:
