Անդրադառնալով Հարսնաքարի դեպքին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ 2013 թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու թիկնապահների մասին օրենքը, որ կարգավորելու է ոլորտը:
«Մարդիկ կան, ովքեր փորձում են իրենց համար արտոնյալ պայմաններ ստեղծել, անկախ նրանից թիկնապահ են, թե ոչ: Նման դեպքում օրենքը պետք է ամենադաժան ազդեցությունն ունենա այդպիսի մարդկանց վրա: Մենք այդ ճանապարհով ենք գնում: Օրենքի պահանջներից մեկն էլ այն է, որ նրանք ենթարկվելու են ոստիկանության մասին օրենքին եւ այդ կարգավիճակում են լինելու»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը մեղավորություն ունի այդ դեպքում, Սահակյանն ասել է, որ նման իրողությունների համար իր մեղքի բաժինն ունի եւ Գալուստ Սահակյանը, եւ իշխանությունը, եւ հասարակական մարմինները, քանի դեռ հասարակությունը բարդույթների մեջ է:
Պատասխանելով մյուս հարցին, թե Ռուբեն Հայրապետյանն ինչից է վախենում, որ թիկնապահներ է պահում, Գալուստ Սահակյանն ասել է, որ նրա դեմ մի քանի անգամ մահափորձ է կատարվել, այդ պատճառով էլ թիկնապահներ է պահում: Ինչ վերաբերում է իրեն, ապա ինքը թիկնապահ չի պահում եւ չի պահելու, եթե իհարկե իր վրա էլ մահափորձ չլինի:
Սահակյանը նշում է, որ նման դեպքում ինքը կհեռանա քաղաքականությունից:
