Հունիսի 14-ին Չարենցավանում, ԽՄՀՄ տարիներին կառուցված, ներկայում չգործող կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ մահացավ Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը: Այս շինությունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, որն այն 5 տարի առաջ վաճառել է: Նոր սեփականատերն այս տարիների ընթացքում սեփական միջոցներով վաճառել է կաթսայատան ապամոնտաժումից առաջացած շինանյութը, գրում է Երկիր թերթը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել կաթսայատան 120 մետր երկարությամբ ծխնելույզի ապամոնտաժման ժամանակ: Կաթսայատան շինությունը բարձրակարգ է, նրա ամրանները բավական թանկ արժեն: Այն պետք է պայթեցվեր, սակայն, թերթի տվյալով, մոտակայքում գտնվում է Շահգալդյանին պատկանող ջերմոցը, եւ այն չվնասելու համար հրաժարվել են պայթեցնելուց: Փոխարենը ապամոնտաժման փորձը կատարվել է անվտանգության եւ տեխնիկական կանոնների խախտումներով:
